ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ձերբակալել է ԿՀՎ գործակալին գաղտնի տեղեկությունները լրատվամիջոցներին փոխանցելու համար: Նա մեղադրվում է «Ալ-Քաիդայի» պարագլուխներից մեկի ձերբակալման գործողությանը մասնակցող գործակալներից մեկին բացահայտելու մեջ:
Մեղադրանքները ներկայացվել են Ջոն Կիրիակուին, ով ԿՀՎ-ում աշխատել է 1990-2004 թվականներին: Նրան մեղադրում են ԱՄՆ տարածքում ահաբեկչական կազմակերպությունների դեմ աշխատող գաղտնի գործակալի ինքնության բացահայտման մեջ:
Բացի այդ, Կիրիակուն բացահայտել է մեկ այլ գործակալի, ով ներգրավված է եղել «Ալ-Քաիդայի» պարագլուխներից Աբու Զուբեյդի ձերբակալման գործողության մեջ: Քննության տվյալներով, լրագրողները ստացած տեղեկությունները փոխանցել են ահաբեկչության մեջ մեղադրվողների փաստաբաններին:
Կիրիակուն կկանգնի Վիրջինիայի դատարանի առջեւ: Նախկին գործակալը հերքում է բոլոր մեղադրանքները: Եթե նրան մեղավոր ճանաչեն, կդատապարտեն մինչեւ 5 տարվա ազատազրկման:




























