Ֆրանսիայի Սենատի կողմից Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետ Թուրքիայի «Գյուղատնտեսական պալատների միության» (TZOB) նախագահ Շամսի Բայրաքթարը հայտարարել է, թե իրենք բոյկոտ են հայտարարում ֆրանսիական բոլոր արտադրանքների վրա։

Թուրքական Star-ի փոխանցմամբ՝  Շամսի Բայրաքթարը նշել է, թե այդ որոշումը քաղաքական նպատակներ է հետապնդում, ինչին ի պատասխան ինքը 5,4 մլն թուրք գյուղատնտեսների անունից խստորեն դատապարտում է ընդունված որոշումը։ «Թուրք գյուղատնտեսներն այսուհետ որեւէ ֆրանսիական արտադրանք չեն օգտագործելու»,-ասել է Շամսի Բայրաքթարը։

Նշենք, որ հունվարի 23-ին մոտ 8 ժամ տեւած լարված քննարկումներից հետո Ֆրանսիայի Սենատը  127 կողմ եւ 86 դեմ ձայներով ընդունեց այդ երկրի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Օրենքը ցեղասպանությունների մերժման դեպքում նախատեսում է տուգանք 45 հազար եվրո, եւ մեկ տարի ազատազրկում: Հիշեցնենք, որ Ֆրանսիան օրենքով ճանաչել է երկու ցեղասպանություն՝ Հայոց Ցեղասպանությունն ու Հոլոքոստը:

Հիշեցենք, որ Թուրքիան ավելի վաղ հայտարարել էր, թե օրինագծի ընդունման դեպքում Ֆրանսիայի դեմ մի շարք պատժամիջոցներ է կիրառելու: