Չինացի հնագետները Ցինհայի արևմտյան նահանգում հայտնաբերել են ժայռի վրա փորագրված արձանագրություն, որը թվագրվում է ավելի քան 2200 տարի առաջ՝ Ցին դինաստիայի ժամանակաշրջանով (մ.թ.ա. 221-207): Սա այդ դարաշրջանից իր տեսակի մեջ միակ հայտնի արձանագրությունն է, որը պահպանվել է իր սկզբնական տեղում, հաղորդում է «Xinhua»-ն։

Հիերոգլիֆներով պատկերազարդված ժայռը գտնվում է Ցինհայ նահանգի Գոլոգ-տիբեթական ինքնավար շրջանի Գյարինգ-Ցո լճի հյուսիսային ափին։ Այս տարածքը գտնվում է ծովի մակարդակից ավելի քան 4200 մետր բարձրության վրա։

Արձանագրությունը բավականին լավ է պահպանվել, տեքստի մեծ մասը հեշտությամբ ընթեռնելի է, այդ թվում՝ այն ժամանակը, երբ այն արվել է։ Գործակալությունը նշում է, որ հնագիտական գտածոն լրացնում է պատմական արձանագրությունների բացը և ունի զգալի պատմական, գեղարվեստական և գիտական արժեք։

Ցին դինաստիան հիմնադրվել է Ին Չժեն կառավարչի կողմից, ով առաջինն է իրեն կայսր հռչակել և պատմության մեջ մտել որպես Ցին Շի Հուանդի։ Նա իր իշխանության ներքո միավորել է հարակից հողերը և ստեղծել Չինաստանի պատմության մեջ առաջին կենտրոնացված պետությունը։ Ին Չժենն իրականացրել է մի շարք կարևոր բարեփոխումներ, ինչպիսիք են գրերի միավորումը, չափերի և կշիռների ստանդարտացումը, միասնական դրամական համակարգի և տարածքային-վարչական բաժանման ստեղծումը։