Թուրք հայտնի գրող, Նոբելյան մրցանակի արժանացած Օրհան Փամուքը փաստաբանի միջոցով զգուշացրել է ստամբուլահայ  նկարչուհի Քարոլին Ֆիշեքչիին՝ դադարել իր մասին անհարկի խոսելը։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝  Օրհան Փամուքի փաստաբանը հայտնել է, թե Ֆիշեքչին Օրհան Փամուքի սիրեցյալը չէ եւ զգուշացրել, որ Ֆիշեքչին դադարեցնի անհարկի խոսել Փամուքի մասին, հակառակ դեպքում սպառնացել է նրա դեմ դատական գործ բացել։

Փամուքի այս զգուշացումը ստանալուց հետո Քարոլինը նշել է, թե ինքը տեղի ունեցածից ուշքի չի գալիս։  Քարոլինը շեշտել է, թե իրեն խիստ զարմացրել է Փամուքի այն խոսքը, թե ինքը նրա ընկերուհին չէ։ «Նա էժանագին հնարք է օգտագործում։ Դուրս է գալիս, որ ես պարզապես օգտագործվել եմ։ Ճիշտ կլինի, որ նրան տեսնեմ ու խոսեմ»,-ասել է ստամբուլահայ նկարչուհին։

Նշենք, որ ամիսներ առաջ Օրհան Փամուքին Նյու Յորքում տեսել էին ստամբուլահայ արվեստագետ Քարոլին Ֆիշեքչիի հետ, որից հետո տեղեկություն էր տարածվել, որ նրանք ընկերություն են անում։

Քարոլին Ֆիշեքչին 2003-ին ավարտել է Ստամբուլի Միմար Սինան գեղեցիկ արվեստների համալսարանի նկարչության բաժինը։