Fitch Ratings գործակալությունը Ֆրանսիայի վարկային վարկանիշը «AA»-ից իջեցրել է մինչև «A+» մակարդակի՝ քաղաքական անկայունության և երկրի աճող պետական պարտքի ֆոնին:

Նոր վարկանիշը Ֆրանսիայի պատմության մեջ ամենավատն է։ Վարկանիշի հեռանկարը մնում է «կայուն»։

«Standard & Poor's»-ի կողմից Ֆրանսիայի վարկանիշը «AA-» է «բացասական» կանխատեսմամբ, իսկ «Moody's»-ի կողմից՝ «Aa3»՝ «կայուն» կանխատեսմամբ։

Վարկանիշի իջեցումը տեղի է ունեցել Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուի հրաժարականից մի քանի օր անց։ Նրա կառավարությունը կորցրել էր խորհրդարանի վստահությունը՝ կոշտ խնայողական միջոցներ նախատեսող բյուջեի նախագիծ ընդունելու փորձի պատճառով։ Նոր վարչապետ է նշանակվել Սեբաստիան Լեկոռնյուն։

«Կառավարության պարտությունը վստահության քվեարկության ժամանակ ցույց է տալիս ֆրանսիական քաղաքականության աճող մասնատվածությունն ու բևեռացումը», - հայտարարել է Fitch-ը։ Վերլուծաբանների կարծիքով՝ դա դժվարացնում է բյուջեի տարեկան դեֆիցիտը սահմանափակելու խնդիրը, որը ԵՄ-ում ընդունված կանոնների համաձայն, չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 3%-ը։

Fitch-ը նշում է, որ Ֆրանսիայի պետական պարտքը շարունակում է աճել։ Գործակալության կանխատեսումներով՝ 2027 թվականին այն կաճի՝ 2024 թվականի ՀՆԱ-ի 113,2%-ից հասնելով 121%-ի։ Սա կրկնակի բարձր է «A» կատեգորիայի վարկանիշ ունեցող երկրների միջին ցուցանիշից։