«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմին կճանաչվի ՀՀ արդարադատության նախարարությունը: Այդ մասին որոշումը կկայացվի ՀՀ կառավարության հունվարի 26-ի նիստում:
Բացառություն է կազմելու կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողությունը, որը վերապահվելու է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Նշենք, որ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով`
կուսակցությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի` մարտի 25-ից ոչ ուշ, պետական լիազոր մարմին ներկայացնել ֆինանսական հաշվետվություն` նախորդ տարվա ընթացքում կուսակցության ստացած եւ ծախսած միջոցների մասին: Ընդ որում` այդ ֆինանսական հաշվետվությունում պետք է նշվի նաեւ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի արժողությամբ նվիրատվությունների աղբյուրը:




























