Կանադան մոտ ապագայում խորհրդակցություններ կսկսի՝ ԱՄՆ-ի և Մեքսիկայի հետ ազատ առևտրի մասին եռակողմ համաձայնագրի (USMCA) վերանայման շուրջ։ Այս մասին հայտնել է CBC հեռուստաալիքը՝ հղում անելով Կանադայի միջգերատեսչական հարաբերությունների և ԱՄՆ-ի հետ առևտրի պատասխանատու նախարար Դոմինիկ Լեբլանի գրասենյակի աղբյուրներին։
Նրա խոսքով՝ պաշտոնական խորհրդակցությունները կարող են սկսվել արդեն հաջորդ շաբաթ։
Սեպտեմբերի սկզբին The Wall Street Journal (WSJ) թերթը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նույնպես մոտ ապագայում մտադիր է ձեռնամուխ լինել USMCA-ի վերանայմանը։ Ըստ թերթի տվյալների՝ ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցչությունը հանրային քննարկման կհանձնի համաձայնագրի շուրջ հարցերը ոչ ուշ, քան հոկտեմբերի 4-ը, իսկ գործընթացը կտևի մի քանի ամիս։ Ամերիկյան վարչակազմը պետք է մեկնաբանություններ խնդրի ձեռնարկություններից ու արհմիություններից, անցկացնի հանրային լսումներ և զեկույց ներկայացնի Կոնգրեսին՝ 2026 թվականի հունվարին։ Մինչև հուլիսի 1-ը պետք է տեղի ունենա համաձայնագրի մասնակից երկրների ներկայացուցիչների եռակողմ հանդիպում։
Այն բանից հետո, երբ Օտտավան և Վաշինգտոնը չկարողացան առևտրային գործարք կնքել մինչև օգոստոսի 1-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդ օրվանից իր հրամանագրով 25%-ից 35%-ի չափով բարձրացրել է մի շարք կանադական ապրանքների մաքսատուրքերը, որոնք չեն ընկնում USMCA-ի գործողության տակ։ Նա նաև հայտարարել է, որ Օտտավայի հետ առևտրային գործարք կնքելն իր համար շատ դժվար կլինի, քանի որ Կանադան հայտարարել է Պաղեստինը ճանաչելու մտադրության մասին։ Կանադան արդեն մի քանի ամիս է, ինչ անհաջող փորձեր է անում ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիր կնքելու համար։




























