Նամակը ուղարկել եմ բառացիորեն մեկ ժամ առաջ, դեռևս արձագանք լինել չի կարող։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19–ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով նրան, որ ինքը նամակով դիմել է Կալասին ու Մարագոսին՝ խնդրելով, որ Բաքվում ԵՄ գրասենյակի ղեկավարն այցելի հայ գերիներին։

«Ես համարում եմ, որ միջազգային գործընկերներից պետք է իրականանալի բաներ խնդրել։ Ու ես խնդրել բառը հատուկ եմ օգտագործում ու նամակի մեջ էլ է խնդրել բառը օգտագործված։ Կարմիր խաչի գրասենյակը Բաքվում փակված է։ Մենք առնվազն մեկ դեպք գիտենք այսօր շարունակվող հացադուլի։ Մինչև այդ եղել են մի քանի այլ հացադուլներ։ Շրջանառվում են տեղեկություններ, որ առկա են ինքնասպանության դեպքեր, ու քանի որ այս իշխանությունները ջանք չեն թափել գոնե նորմալ ցուցակ ունենալու, թե ովքեր են պահվում, կա սարսափեցնող հավանականություն, որ մենք կարող է չիմանանք էլ այդ մարդու մասին։ Ուղղակի մենք չիմանանք, որ ինքը ինքնասպանություն է գործել Բաքվի բանկում։ Ու բացառապես հումանիտար ընկալումներով, պատճառներով, ես խնդրել եմ դեսպան Մարագոսին և տիկին Կալասին, որպեսզի հանձնարարեն, խնդրեն, կազմակերպեն Բաքվում ԵՄ դեսպանը այցելի մեր տղաներին, որպեսզի գոնե իրենց ֆիզիկական առողջության և հոգեկան վիճակի վերաբերյալ մենք,  գոնե ազգականները տեղեկություններ ունենան»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր, որ գերիների վերադարձի խնդրով աշխատանքներ, ջանքեր տարվում են, Մամիջանյանն ասաց. «Ես սովոր եմ առհասարակ վերլուծել ըստ նախորդիվ տեղի ունեցածների։ Եթե հիշում եք 2020 թվականի նոյեմբերի ինը սկսած Ադրբեջանը պահանջում էր ականապատ տարածքների քարտեզներ։ Ինքը դա չտվեց, հանձնեց մայիս ամսին ընտրություններից առաջ, որպեսզի հայի կյանքի վրա, հայի տանջանքի վրա  քաղաքական դիվիդենտ անի։ Ես չեմ քննարկում, պետք էր տալ, պետք չէր տալ այդ քարտեզները, ամեն գերին մի տան ճրագ է, չես կարող այդ քննարկումը ծավալել։ Ես, հաշվի առնելով Փաշինյանի մարդկային կյանքի վրա քաղաքական դիվիդենտներ վաստակելու խասյաթը, կարծում եմ, որ ինքը դա կտանի և կկապի նախընտրական քարոզարշավին ու հերթական անգամ հայի կյանքով քաղաքական դիվիդենտներ կփորձի աշխատել»,–ասաց նա։