Օտար անձը փորձել է ներխուժել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի Դալասում գտնվող տուն: Այդ մասին հայտնում է Fox News 4 հեռուստաալիքը:
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 24-ի ցերեկը: Ինչպես նշվում է, անհայտ անձը փորձել է տան տարածք ներխուժել դարպասներից, որոնք բացվել են, որպեսզի ԱՄՆ գաղտնի ծառայությունների աշխատակիցների մեքենան դուրս գա, գրում է Lenta.ru-ն:
Տղամարդը ձերբակալվել եւ հարցաքննության է ենթարկվել, որի ընթացքում հայտարարել է, որ ցանկացել է մտնել տուն եւ այնտեղից ինչ-որ առարկա վերցնել: Ըստ նրա` այդ մասին իրեն Բուշն է խնդրել` տելեպատիկ հաղորդագրության միջոցով:
Հարցաքննության ընթացքում տղամարդը նաեւ խոստովանել է, որ ոչ հեռվում կայանած իր ավտոմեքենայում հրազեն է եղել: Agence France-Presse-ը նշում է, որ զենքն օրինական թույլտվություն է ունեցել, այդ իսկ պատճառով հարցաքննությունից հետո նրան ազատ են արձակել` ոչ մի մեղադրանք չներկայացնելով:
Նշվում է, որ միջադեպի պահին Բուշը եւ նրա կին Լորան տանը չեն եղել:




























