Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը խոստովանել է, որ երկրում մամուլի դեմ ճնշումներ են գործադրվում: Այս մասին նա հայտարարել է Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ երկրում գրաքննություն չկա, բայց կա «համարեցման գործընթաց եւ խաղեր մեդիատարածքում»: Մեդվեդեւը համաձայնել է, որ իրավիճակը հեռու է իդեալական լինելուց, հաղորղում է Gazeta.ru-ն:
Ուսանողուհիներից մեկը Մեդվեդեւին ասել է, որ ցանկանում է հեռանալ Ռուսաստանից, որովհետեւ գիտակցում է գրաքննության առկայությունը: «Մարդիկ պայքարել են, որ Դուք այսօր կարողանաք հեռանալ արտերկիր: Եթե կա ցանկություն` հեռացեք: Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում եւ նույնիսկ ԱՄՆ-ում նույնպես երիտասարդների 25-30 տոկոսը ցանկանում է հեռանալ»,-պատասխանել է ՌԴ նախագահը:
Մեդվեդեւը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանում հեղափոխության նախադրյալներ չի տեսնում: «Վստահ եմ, որ մեր երկրին ոչ մի հեղափոխություն էլ պետք չի, քանի որ հեղափոխությունների լիմիտն սպառվել է 20-րդ դարում»,-ասել է նա:
«Ես չէի ցանկանա, որպեսզի իրադարձությունները մեր երկրում զարգանային հեղափոխական կամ այլ էքստրեմալ սցենարներով»,-նշել է Մեդվեդեւը, հավելելով, որ «նախագահը պետք է պատրաստ լինի ամեն ինչի», հաղորդում է Lenta.ru-ն:
ՌԴ նախագահը չի բացառել նաեւ, որ ապագայում կրկին կարող է առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում: «Ես երբեք չեմ ասել, որ այլեւս չեմ առաջադրվելու: Ես հիշեցնեմ, որ ընդամենը 46 տարեկան եմ: Դա այնքան էլ լուրջ տարիք չէ, որ հրաժարվեմ հետագա քաղաքական անցուդարձից»,-ասել է նա:
Նա պարզաբանել է, որ այդ որոշումն ընդունվել է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Մեդվեդեւի խոսքով, նույն քաղաքական ուժը ներկայացնող երկու մարդ չպետք է իրար դեմ ելնեն, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:




























