Եվրոպայի խորհրդում Հայաստանի անդամակցությունը որոշ չափով դրական ազդեցություն է ունեցել եվրոպական արժեքների կիրառման առումով, սակայն դրանց ազդեցությունը գլոբալ բնույթ չի կրում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է Ազգային ժողովի` «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, Հայաստանում ոչ լիարժեք են կիրառվում եվրոպական արժեքները, հակառակ դեպքում 2008-ի մարտի 1-ի դեպքերը տեղի չէին ունենա: «Մենք չկարողացանք ամբողջությամբ օգտագործել եվրոպական արժեքները կիրառելու հնարավորությունը: Բացի այդ, երբեմն որոշ քաղաքական հաշվարկների արդյունքում մենք դառնում ենք մեր եվրոպական գործընկերների կողմից դրսեւորվող անհետեւողականության վկաները: Օրինակ, իր վերջին այցի ընթացքում ԵԽԽՎ-ի բրիտանացի համազեկուցող Ջոն Պրեսկոտը իրեն պահում էր որպես Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչ, ով աշխատում է Եվրոպայի խորհրդում: Նրա կողմից արտահայտած մտքերը չեզոք չէին եւ ավելի շատ հիշեցնում էին պաշտոնական իշխանությունների դիրքորոշումը»,-նշել է Մարտիրոսյանը:
Գնահատելով Հայաստանում եվրոպական արժեքների կիրառման ընդհանուր իրավիճակը` նա նշել է. «Կարելի է նկատել, որ եվրոպական արժեքների կիրառման հարցում Հայաստանում ավելի շատ է դրականը, քան բացասականը»:
Հիշեցնենք, որ Հայաստանը դարձել է Եվրոպայի խորհրդի անդամ 2001-ի հունվարի 25-ին: Համագործակցության ոլորտը իր մեջ է ներառում արդարադատության համակարգը, խոսքի ազատությունը, ընտրության իրավունքը, կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես նաեւ երկխոսությունը մշակույթի, կրթության ոլորտում: Այդ համագործակցությունը կատարվում է Եվրոպայի խորհրդի եւ Հայաստանի միջեւ առկա համագործակցության վերաբերյալ ստորագրված փաստաթղթով:




























