Գյումրիի ծննդատանն, այսօր` հունվարի 25-ի կեսօրին, ժամը 14.30-ի սահմաններում, տղա է ծնվել, ում անունն, ի պատիվ Ֆրանսիայի նախագահի, դրել են Սարկոզի: Այս մասին Aravot.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Գյումրիի ծննդատան տնօրեն Արմեն Իսահակյանը:
Հարցին, թե ո՞ւմ առաջարկով են երեխային կոչել Սարկոզի, ծննդատան տնօրենը պատասխանել է, որ ծնողներն ինքնակամ են որոշել. Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից անչափ ոգեւորված` նրանք որոշել են իրենց շնորհակալությունն այս կերպ հայտնել:
Փոքրիկ Սարկոզին ծնվել է երեք կիլոգրամ քաշով, Ախուրիկ գյուղից է, իր ծնողների առաջնեկն է, հայրը չի աշխատում:
Սարկոզիի երիտասարդ ծնողներին Գյումրիի ծննդատանը հանձնել են երեխայի առողջապահության հավաստագիրն ու անձնագիրը, որտեղ արդեն ֆիքսված է նրա անուն-ազգանունը` Սարկոզի Ավետիսյան:
Սարկոզիի ծնվելու պատվին առաջինը «մաղարիչ» է արել Հանրապետական կուսակցությունը, 200 դոլար է նվիրել սոցիալապես անապահով այս ընտանիքին: Նորածնային պարագաներ նվիրել է նաեւ ծննդատան ղեկավարությունը:
Ի դեպ, Սարկոզիի հայրը` Կարապետը, հրաժարվել է հանրապետականներից մեկի` քավոր դառնալու առաջարկից` պատճառաբանելով, որ իրենք ունեն իրենց քավորը:




























