Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում «բոլորը կտուժեն»։
Լուկաշենկոն նշել է որ կցանկանար «պարզապես խոսել» իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ, և կարծում է՝ համաձայնության պետք է հասնեն «երեք սլավոնական պետությունների առաջնորդները»։
Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Լուկաշենկոն լրագրող Պավել Զարուբինին պատմել է, որ իր կարծիքով՝ ժամանակն է խորհրդակցություններ սկսել։ «Ըստ իս, ժամանակն է, որ խորհրդակցություններ սկսենք։ Հատուկ ռազմական գործողության սկզբում ասացի. մենք՝ երեք սլավոնական պետությունների առաջնորդներս, պետք է նստենք և լեզու գտնենք։ Համաձայնության գանք այս անհասկանալի պատերազմը դադարեցնելու հարցում։ Մենք պետք է կլեզու գտնենք։ Եթե լեզու չգտանք, դա վատ կլինի բոլորի համար»։
Նա միաժամանակ զգուշացրել է Կիևի համար «ամբողջ Ուկրաինան կորցնելու» վտանգի մասին և նշել, որ Զելենսկին պետք է համաձայնի վերջին խաղաղության նախաձեռնություններում քննարկված «բարենպաստ պայմաններին»։ Ըստ Լուկաշենկոյի՝ այս առաջարկները ներկայացվել են նույնիսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ալյասկայում անցկացված հանդիպման ժամանակ։
Լուկաշենկոն հավելել է, որ եթե Կիևը համաձայներ «դադարեցնել գործողությունները» ռուսական գործողության սկզբում, «ամբողջ Արևելյան Ուկրաինան կմնար Կիևի վերահսկողության տակ», բացառությամբ Ղրիմի։ Այժմ, նրա կարծիքով, ամբողջ երկրի կորուստը կանխելու հնարավորությունները նվազում են։ Բելառուսի առաջնորդը հայտնել է նաև, որ ինքը և Պուտինը լսել են Ռուսաստանի գլխավոր շտաբի զեկույցը բանակի առաջխաղացման մասին, որն, ըստ նրա, «դժվար կլինի կանգնեցնել»։




























