ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ կազմակերպությունը Միացյալ Նահանգներին հրավիրել է միանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բարձրանալու պահին շարժասանդուղքի կանգնելու միջադեպի հետագա հետաքննությանը։ Հայտարարությունը հնչել է հետաքննություն անցկացնելու Սպիտակ տան պահանջների ֆոնին, հաղորդում է ТАСС-ը։
«Գլխավոր քարտուղարը քննարկել է իրավիճակը դեսպան Ուոլցի հետ, և ՄԱԿ-ի այլ ներկայացուցիչները կապի մեջ են եղել ԱՄՆ առաքելության հետ։ Նույնիսկ Թրամփի գրառումից առաջ հայտարարել ենք հետաքննության մասին և ԱՄՆ-ին հրավիրել ենք միանալ մեզ հետագա ուսումնասիրության համար»,- նշել է Դյուժարիկը։
Նա հավելել է, որ ՄԱԿ-ը շարունակում է պահպանել իր նախնական եզրակացությունները։ «Ակնհայտ է, որ պահպանում ենք արդեն հաղորդած նախնական եզրակացությունները»,- ընդգծել է խոսնակը։
Ավելի վաղ ՄԱԿ-ը պարզաբանել էր, որ շարժասանդուղքը կանգ է առել անվտանգության մեխանիզմի պատճառով, որը, հավանաբար, պատահաբար ակտիվացրել է ԱՄՆ պատվիրակության օպերատորը։ Նախագահ Թրամփը միջադեպն անվանել է «սաբոտաժ» և պաշտոնական հետաքննություն է պահանջել։




























