Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիթերսը ուրբաթ օրը Նյու Յորքում հայտարարել է, որ Նոր Զելանդիան այս պահին չի ճանաչում Պաղեստին պետությունը, բայց շարունակում է հավատարիմ մնալ երկու պետությունների գոյակցության սկզբունքին,- հայտնում է Reuters-ը։
«Քանի որ պատերազմը շարունակվում է, ՀԱՄԱՍ-ը մնում է Գազայի փաստացի կառավարությունը և առաջ շարժվելու ուղու վերաբերյալ պարզություն չկա, Պաղեստինի պետության ապագայի վերաբերյալ չափազանց շատ հարցեր կան, որպեսզի Նոր Զելանդիայի կողմից այս պահին ճանաչման մասին հայտարարելը խելամիտ լինի», - ասել է Փիթերսը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում։
«Մենք նաև անհանգստացած ենք, որ ներկա հանգամանքներում ճանաչման վրա շեշտադրումը կարող է բարդացնել հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը՝ Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին մղելով էլ ավելի անզիջում դիրքորոշումների»,- հավելել է Փիթերսը։
Նոր Զելանդիայի դիրքորոշումը տարբերվում է ավանդական գործընկերների՝ Ավստրալիայի, Կանադայի և Մեծ Բրիտանիայի դիրքորոշումից, որոնք կիրակի օրը ճանաչել են Պաղեստին պետությունը։
Այս քայլը նրանց միավորել է ավելի քան 140 այլ երկրների հետ, որոնք նույնպես աջակցում են պաղեստինցիների ձգտմանը, որն ուղղված է օկուպացված տարածքներում անկախ հայրենիք ստեղծելուն։
Նոր Զելանդիայի կառավարության ուրբաթ օրը տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ինքը հույս ունի ճանաչել Պաղեստին պետությունը այն ժամանակ, երբ տեղում առկա իրավիճակը ավելի շատ հեռանկարներ կբացի խաղաղության և բանակցությունների համար, քան ներկայումս։ Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը քննադատել է այս որոշումը և հայտարարել, որ «այն երկիրը կդնի պատմության սխալ կողմում»։





























