Ռիո դը Ժանեյրոյի կենտրոնում 20 եւ 10 հարկանի երկու շենք է փլվել:
Կան զոհեր եւ վիրավորներ: Նրանց ճշգրիտ թիվը դեռ հայտնի չէ: Որոշ տվյալներով` նրանց թիվը տասից պակաս չէ: Այժմ Ռիոյում գիշեր է, փրկարարական աշխատանքներն անցկացվում են լապտերների լույսի ներքո, քանի որ արտակարգ պատահարի վայրում անջատել են էլեկտրականությունը` հնարավոր կարճ միացումներից եւ հրդեհներից խուսափելու համար:
Փլուզումը տեղի է ունեցել երեկոյան` աշխատանքային օրվա ավարտից հետո: Շենքերում, որոնց մեծ մասը գրասենյակներն էին զբաղեցնում, փլուզման պահին դեռ մարդիկ են եղել: Փլուզված շենքերը գտնվում են ամենաբանուկ հատվածներից մեկում` վերջերս հիմնանորոգված մունիցիպալ թատրոնի մոտ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Պատահածի պատճառների մասին տվյալներ առայժմ չկան: Ականատեսները վկայում են, որ շենքերը փլվել են պայթյունից հետո: Քաղաքապետը, հիմնվելով հրշեջների տեղեկատվության վրա, ենթադրում է, որ առայժմ անհայտ պատճառներով շենքերից մեկի կրող կոնստրուկցիաները չեն դիմացել:




























