Այս տարվա առաջին յոթ ամիսներին Հայաստանում գրանցվել է 42 սպանության դեպք։ Այս մասին տեղեկանում ենք՝ ուսումնասիրելով Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։
Համեմատության համար նշենք, որ 2024թ–ի 12 ամիսներին Հանրապետությունում գրանցվել է սպանության 63 դեպք, 2023թ–ին՝ 55 դեպք։ Նախորդ տարվա առաջին յոթ ամիսներին, ըստ պաշտոնական տեեկատվության, գրանցվել է սպանության 32 դեպք։
Հանրապետությունում այս տարվա հունվար–հուլիսին գրանցվել է սպանության 44 փորձ, իսկ նախորդ տարվա ամբողջ ընթացքում՝ 63, 2023թ–ին՝ 55 դեպք։
Հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ հանցագործությունների թիվն այս տարվա յոթ ամիսներին եղել է 72, իսկ 2024թ–ի ընթացքում՝ 109, 2023թ–ին՝ 93 դեպք։
Ներքին գործերի նախարարությունից NEWS.am–ին հայտնել են, որ ըստ օպերատիվ ամփոփագրերի՝ իրական սպանության դեպքերը 8 ամսվա ընթացքում նվազել են 2-ով՝ 32 դեպք։ Նշվածի մեջ ներառված չեն ինքնասպանությունների, հանկարծամահությունների, դժբախտ պատահարների, նախկին տարիներին կատարված և ներկայումս հայտնաբերված դեպքերը։
«Նույն ժամանակահատվածում նվազել են հրազենով կատարված ծանր և առանձնապես ծանր հանցագործություները. 2025-ին՝ 93, 2024-ին՝ 100 դեպք»,– հայտնել են նախարարությունից։




























