Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրություն են անցկացրել՝ փորձելով հասկանալ, թե որտեղից է առաջանում արհեստական բանականության «ստեղծագործականությունը», գրում է Live Science-ը։

Նրանք հայտնաբերել են, որ առանցքային դեր են խաղում թաքնված տարրերը՝ ալգորիթմները և ներքին կապերը, որոնք թույլ են տալիս մոդելներին անսպասելի կերպով համադրել արդեն հայտնի տվյալները և գտնել ոչ ստանդարտ լուծումներ։

Ի տարբերություն մարդկանց, որոնց համար ստեղծագործականությունը կապված է հույզերի, կյանքի փորձի և մշակութային համատեքստի հետ, ԱԲ-ի մոտ այն հիմնված է լայնածավալ տեղեկատվության և մշակման հատուկ մեխանիզմների վրա։

Հետազոտողներն ընդգծում են, որ մեքենայական ուսուցման համակարգերը սկզբունքորեն նոր բան «զրոյից» չեն ստեղծում, այլ վերաիմաստավորում և միահյուսում են առկա ձևանմուշները։

Այնուամենայնիվ, հենց այս մեխանիզմներն են թույլ տալիս նեյրոնային ցանցերին գաղափարներ և տեքստեր գեներացնել, որոնք թվում են յուրօրինակ և նույնիսկ ոգեշնչող։ Գիտնականները դա համեմատում են «խոհարարական բաղադրատոմսի» հետ. արդյունքը կախված է ոչ միայն բաղադրիչներից (տվյալներից), այլև այն բանից, թե դրանք ինչպես են միանում և մշակվում ԱԲ-ի «խոհանոցում»։

Աշխատության հեղինակները նշում են, որ այս թաքնված գործընթացների ըմբռնումը կօգնի ավելի լավ օգտագործել ԱԲ-ն գիտության, արվեստի և տեխնոլոգիաների մեջ, ինչպես նաև ավելի մեծ թափանցիկություն կապահովի այն հարցում, թե ինչպես են մոդելները հասնում իրենց արդյունքներին։