Իսրայելի հարյուրավոր քաղաքացիներ զանգեր են ստացել Իրանի հետախուզական ծառայությունից՝ իրենց հավաքագրելու նպատակով, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Ըստ ոստիկանության, զանգերը նպատակ ունեին «հասարակության մեջ տագնապ առաջացնել պատերազմական ժամանակաշրջանում»։
Մամուլի տվյալներով, «հարյուրավոր քաղաքացիներ» հայտնել են, որ շաբաթ առավոտյան իրենց զանգահարել են անհայտ համարից։ Երբ նրանք պատասխանել են, «զանգողը խոսել է նրանց հետ և առաջարկել միանալ իրանական կազմակերպությանը»։
Իսրայելյան Ynet լրատվական կայքը հրապարակել է նմանատիպ խոսակցության ենթադրյալ ձայնագրությունը, որտեղ մետաղական ձայնով անձը հայտնում է, որ «իրանական հետախուզությունը փնտրում է որակյալ գործակալների»՝ առաջարկելով «մրցունակ աշխատավարձ և համապարփակ անվտանգություն»։
Ոստիկանությունը կրկին ընդգծել է, որ զանգերը «նպատակ ունեին տագնապ առաջացնել հասարակության մեջ պատերազմական ժամանակաշրջանում»՝ հավելելով, որ դրանք «իրանական հետախուզական մարմինների փորձերն են՝ հավաքագրել իսրայելցի քաղաքացիներին՝ թե՛ երկրի ներսում, թե՛ արտերկրում՝ հետախուզական տվյալների հավաքագրման և Իսրայելում ահաբեկչական գործունեությանը նպաստելու նպատակով»։





























