Իրանական հեռուստաալիքը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարի հետ Իրանի արտաքին գործերի նախարարի հանդիպման կադրերը ցուցադրելիս «լղոզել» է նրա ոտքերի պատկերը, ինչը մեծ իրարանցում է առաջացրել Ֆինլանդիայում, հաղորդում է Iltalehti-ն։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Վալտոնենը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ: Իրանի պետական IRIB հեռուստաալիքը հեռարձակել է տեսանյութը՝ մասամբ լղոզելով Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարի տեսքը, քանի որ նա կրում էր ստանդարտ գործնական կիսաշրջազգեստ, որը լիովին չէր ծածկում նրա ոտքերը:
Թողարկման կադրերից պարզ է դառնում, որ նույն կերպ վարվել են բոլոր այն կանանց հետ, ովքեր հանդիպել են իրանական պատվիրակության հետ։
Սոցիալական ցանցերում առաջացած իրարանցումից հետո Էլինա Վալտոնենը նշել է, որ սա տխուր օրինակ է այն բանի, թե ինչ կարգավիճակ ունեն կանայք Իրանում։
«Ես չեմ փոխում իմ հագուստը՝ կախված նրանից, թե ում հետ եմ հանդիպում։ Մասնավորապես, իմ մոտեցումն այն է, որ ես չեմ գնա այնպիսի հանդիպումների, որտեղ պահանջվում է ծածկել մազերը կամ դեմքը», – ասել է նա Helsingin Sanomat-ին տված մեկնաբանության մեջ։
Սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր արձագանքել են միջադեպին՝ աջակցություն հայտնելով Վալտոնենին և երկրի քաղաքական գործիչներին։
«Էլինա Վալտոնենն ասում է, որ չի փոխում իր հագուստը՝ կախված նրանից, թե ում հետ է հանդիպում և չի համաձայնի ծածկել մազերը կամ դեմքը։ Եվ դա ճիշտ է։ Հենց այսպես էլ պետք է աշխատի ֆինն կին նախարարը։ Իսկ եթե իսլամական կնատյացությունը ինչ-որ տեղ դա է պահանջում, ապա պարզապես պետք չէ այնտեղ գնալ», – հայտարարել է աջակողմյան «Իսկական ֆիններ» կուսակցության առաջնորդ Ռիիկա Պուրան, ով ներկայումս գլխավորում է Ներքին գործերի նախարարությունը։





























