ԵՄ-ն, Ռուսաստանը և Ուկրաինան արձագանքել են Մոլդովայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։

Այսպես, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշել է. «Մոլդովա, քո մոտ կրկին ստացվեց», հաղորդում է BBC-ն։

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտարարել է. «Մոլդովացի ժողովուրդն ասել է իր խոսքը և նրանց ուղերձը հստակ է։ Նրանք ընտրել են ժողովրդավարությունը, բարեփոխումները և եվրոպական ապագան՝ Ռուսաստանի ճնշման և միջամտության պայմաններում»։

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն ասել է. «Չնայած ապատեղեկատվություն տարածելու և ձայներ գնելու ուղղությամբ Ռուսաստանի լայնածավալ ջանքերին, ոչ մի ուժ չի կարող կանգնեցնել ազատության ձգտող ժողովրդին»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդգծել է. «Չնայած ճնշումներին և միջամտության փորձերին, Մոլդովայի քաղաքացիների ընտրությունը վճռականորեն հաստատվել է։ Ֆրանսիան աջակցում է Մոլդովային նրա եվրոպական ճանապարհին և ազատության ու ինքնիշխանության ձգտման մեջ»։

Կրեմլը և Ուկրաինայի նախագահ Զելենսկին նույնպես մեկնաբանել են Մոլդովայում կայացած ընտրությունների արդյունքները։

«Գնահատականները պետք է տրվեն ավելի ուշ՝ այն բանից հետո, երբ հասկանանք, թե ինչպես են քաղաքական ուժերն իրենք որոշել իրենց դիրքորոշումը այս ընտրությունների վերաբերյալ։ Նախ, գուցե, մոլդովացիներն իրենք պետք է լուծեն այս հարցը։ Ինչքան մենք գիտենք, որոշ քաղաքական ուժեր հայտարարում են իրենց անհամաձայնության մասին։ Նրանք մտահոգություններ են հայտնում հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ։ Մեր տեսածից և իմացածից կարող ենք եզրակացնել, որ հարյուր հազարավոր մոլդովացիների զրկել են Ռուսաստանի Դաշնությունում քվեարկելու հնարավորությունից, քանի որ նրանց համար բաց էին միայն երկու ընտրատեղամասեր», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այս ընտրությունները ցույց տվեցին, որ ռուսական ապակայունացնող ակտիվությունը կպարտվի, իսկ Մոլդովան կհաղթի Եվրոպայում։ Ռուսական քայքայիչ գործունեությունը, մշտական ​​ապատեղեկատվությունը՝ դրանցից ոչ մեկը չաշխատեց։ Կարևորն այն է, որ Մոլդովան արդյունավետ կերպով պաշտպանվել է սպառանալիքներից՝ բոլոր նրանց հետ միասին, ովքեր օգնում էին նրան», – հայտարարել է Զելենսկին։