Մարդիկ իրենց ավելի երջանիկ են զգում, երբ իրենց ամենօրյա գործունեությունն անցկացնում են ուրիշների հետ, այլ ոչ թե միայնակ։ Նման եզրակացության են հանգել Կանադայի Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները՝ ավելի քան 41 հազար մարդկանց հարցման տվյալները վերլուծելուց հետո։ Հետազոտությունը հրապարակվել է Social Psychological and Personality Science (SPPS) հանդեսում։

Գիտնականներն ուսումնասիրել են Ամերիկյան ժամանակի օգտագործման հարցման (American Time Use Survey) չորս փուլ 2010, 2012, 2013 և 2021 թվականներին։ Մասնակիցներին խնդրել են մանրամասն նկարագրել իրենց անցած օրը, գնահատել իրենց երջանկությունը երեք պատահական պահերի ընթացքում և նշել, թե արդյոք նրանք ինչ-որ մեկի ընկերակցությա՞մբ են եղել, միայնա՞կ, թե՞ հեռախոսով։

Վերլուծությունից բացառվել են ակնհայտ  սոցիալական գործունեությունները, մասնավորապես՝ երեխաների խնամքը կամ հեռախոսազանգերը։ Արդյունքում մնացել է ավելի քան 80 տիպիկ գործունեություն՝ տնային գործերից մինչև ժամանց։

Արդյունքները միանշանակ են դուրս եկել. 297 դեպքերից 296-ում սոցիալական շփումը մեծացրել է գործունեության հաճույքը։ Միակ բացառությունը 2021 թվականին խոհանոցը մաքրելն էր, որը, պարզվել է, փոքր-ինչ պակաս հաճելի էր ընկերակցությամբ։

Երջանկության ամենամեծ խթանը ստացվել է միասին ուտելուց և խմելուց, որին հաջորդել են ճամփորդությունները, զբոսանքները, սպորտը և այլ ակտիվ ժամանցի միջոցառումները։ Նույնիսկ ավանդաբար միայնակ զբաղմունքները՝ ընթերցանությունը, ձեռագործությունը կամ աշխատանքի գնալ-գալու ճանապարհը, նկատելիորեն ավելի հաճելի էին դառնում, երբ ներկա էր էլի ինչ-որ մեկը։

Բացառելու համար այն հնարավորությունը, որ ավելի երջանիկ մարդիկ պարզապես ավելի հակված են ընտրել ընկերախումբը, գիտնականները հաշվի են առել են մասնակիցների սկզբնական տրամադրությունը։ Սոցիալական փոխազդեցության և ակտիվությունից հաճույք ստանալու միջև կապը պահպանվել է՝ հաստատելով սոցիալական ներգրավվածության անմիջական ազդեցությունը։