Google-ին պատկանող YouTube վիդեոհարթակը 24.5 միլիոն դոլար կվճարի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայցը կարգավորելու համար, որը ներկայացվել էր 2021 թվականին Կապիտոլիումի գրոհից հետո ընկերության կողմից նրա էջն արգելափակելու որոշման պատճառով։ Այս մասին հայտնել է The Washington Post (WP) թերթը։
Ըստ համաձայնագրի՝ Թրամփը հանձնարարել է YouTube-ին կարգավորման արդյունքում ստացված 22 միլիոն դոլարն օգտագործել Սպիտակ տան նոր պարահանդեսային դահլիճի կառուցման համար: Մնացած միջոցները կփոխանցվեն այլ հայցվորների, որոնք վիդեոծառայությանը մեղադրել են գրաքննության մեջ, նշում է պարբերականը:
WP-ն հիշեցնում է, որ ավելի վաղ նմանատիպ համաձայնագրեր էր ձեռք բերվել Meta (ՌԴ-ում ճանաչվել է ծայրահեղական) և X սոցիալական հարթակների հետ։ Meta-ն 25 միլիոն դոլար է վճարել, իսկ X-ը համաձայնել է 10 միլիոն դոլարի։
Թրամփի էջերը Facebook-ում, Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում արգելափակվել էին 2021 թվականի սկզբին՝ այդ հարթակների կանոնները խախտելու պատճառով, նույն թվականի հուլիսին Թրամփը դատի էր տվել սոցիալական ցանցերի ղեկավարությանը։
Քաղաքական գործչի էջը Twitter-ում վերականգնվել է 2022 թվականին, իսկ մյուս սոցցանցերում՝ 2023 թվականին։ Քաղաքական գործչի հաշիվների արգելափակումը նշված հարթակներում հանգեցրել է նրան, որ Թրամփը 2022 թվականի փետրվարին գործարկել է իր սեփական Truth Social սոցիալական ցանցը, որն այդ պահից ի վեր դարձել է ինտերնետ օգտատերերի հետ նրա հաղորդակցման հիմնական վայրը։





























