Չեխիան հիանալի երկիր է, արդյունաբերական երկիր, մեր մոտ գործում են բազմաթիվ ընկերություններ և դրանցից ոմանք շահագրգռված են Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ։ Այս մասին սեպտեմբերի 30-ին «Countries Under One Roof» համաժողովում հայտարարել է Հայաստանում Չեխիայի Արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը։

Նա պարզաբանել է, որ Չեխիայի ընկերությունները լրջորեն շահագրգռված են գործունեություն ծավալելու վերաբերյալ, այդ թվում՝ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տեխնոլոգիաները, ներառյալ տեղեկատվական տեխնոլոգիաները։

Դեսպանը բավարարվածություն է հայտնել այն կապակցությամբ, որ Հայաստանում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ։ Նրա գնահատմամբ՝ այս համաժողովն իր մեջ պարունակում է նաև մշակութային բաղադրիչ՝ ապահովելով կապ բիզնեսի ներկայացուցիչների միջև։ «Ես ուզում եմ, որ Հայաստանը բարգավաճի և դրա կարևոր պայմանը խաղաղությունն է։ Հայաստանին խաղաղություն եմ մաղթում», - հավելել է դիվանագետը։