Մինչ Կրեմլը պարտավորեցրել է պաշտոնյաներին և պատգամավորներին ալիքներ բացել «Մաքս» պետական մեսենջերում, Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում հայտնվել հարթակում։ «Անձնական սոցիալական կայքեր նա չի պլանավորում [բացել]։ Նա բազմիցս ասել է, որ դա իրենը չէ», - հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Պուտինը ներկա է սոցցանցերում, բայց ոչ անձնական կարգավիճակով։ Նրա փոխարեն էջերը վարում են նախագահի աշխատակազմի աշխատակիցները։
Մինչ այդ Պեսկովը ասել էր, որ նախագահի համար հատուկ դայջեստներ են պատրաստում, որոնք պատմում են «սոցցանցերում քննարկվող հիմնական թեժ թեմաների» մասին։ Մասնավորապես, նման դայջեստները հավաքվում են Telegram-ալիքներից։ Բացի այդ, «կան հարազատներ, մտերիմներ, ովքեր նրան ինչ-որ բան ցույց են տալիս և պատմում», հավելել էր Պեսկովը։ Ընդ որում, նա ընդգծել է, որ նախագահին Telegram-ում ալիք պետք չէ, քանի որ նրա խոսքերը «կլսեն բոլորը»։ Ինքը՝ Պուտինը, բացատրել էր, որ չի գրանցվում սոցցանցերում և չի օգտվում դրանցից, որովհետև «ուղղակի ժամանակ չունի», գրում է The Moscow Time-ը։
«Իմ ծանր աշխատանքային օրն այնքան ուշ է ավարտվում, որ ես այլևս Instagram-ի ժամանակ չեմ ունենում։ Ես մտածում եմ, թե ինչպես արագ հասնեմ մահճակալին», - ասել էր նա դեռևս 2012 թվականին։ Միևնույն ժամանակ, Պուտինն ընդգծել է, որ չի ցանկանում սոցիալական ցանցերի վարումը հանձնարարել որևէ մեկին, քանի որ դա կլինի «անիմաստ, ֆորմալիզացված և անհետաքրքիր»։
Միաժամանակ Պուտինը սոցցանցերն անվանել է «հաղորդակցման կարևոր և ժամանակակից միջոցներ»։ Ավելի ուշ նա նշել է, որ ինտերնետ հարթակներն ավելի ու ավելի հաճախ իրենց վերահսկողության տակ են վերցնում իրենց օգտատերերին։ «Ուսումնասիրում են իրենց հաճախորդին և նրան մատուցում են այն, ինչ իրենք անհրաժեշտ են համարում։ Եվ նա սկսում է որոշումներ կայացնել՝ նույնիսկ չգիտակցելով, որ իրեն ղեկավարում են», - պարզաբանել է Պուտինը։
Կրեմլի պաշտոնական էջերը, որտեղ ամեն օր նորություններ են հրապարակվում նախագահի աշխատանքի մասին, կան «Մաքս» և Telegram մեսենջերներում, «ՎԿոնտակտե», Rutube և YouTube հարթակներում։ Պուտինը «ինքնիշխան մեսենջեր» ստեղծելու մասին օրենքը ստորագրել է հունիսի 24-ին։ Դրանից հետո իշխանությունները սկսել են ակտիվորեն առաջ մղել «Մաքսը», որը մշակվել է VK-ի դուստր կառույցի կողմից։ Մասնավորապես, բյուջետային ոլորտի աշխատողներին և պաշտոնյաներին այնտեղ են տեղափոխում հարկադրաբար, իսկ մյուսներին համոզում են ծառայության «անվտանգության» մեջ՝ WhatsApp-ում և Telegram-ում զանգերի արգելափակման ֆոնին։





























