ԱՄՆ դատարանը վճռել է  բարոյական վնասի աննախադեպ փոխհատուցում վճարել այն մարդուն, ով սպանության սուտ մեղադրանքով ավելի քան 15 տարի բանտ է նստել: Անմեղ դատապարտյալը եւ կալանավայրում տղամարդ դարձած դեռահասը  բանտում անցկացրած ամեն մի տարվա համար միլիոն դոլարից ավելի փոխհատուցում կստանա:

Չիկագոյի դաշնային դատարանը համաձայնել է 32-ամյա Թեդեուս Խիմենեսին 25 մլն դոլար վճարել:

1993թ.  Թեդեուս Խիմենեսը, որն այդ ժամանակ ընդամենը 13 տարեկան էր, ձերբակալվել է 19-ամյա Էրիկ Մորրոյի սպանության մեղադրանքով: Երկու դատական գործընթացների ընթացքում նա մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 45 տարվա ազատազրկման:

Սակայն 2009թ.  արխիվ հանձնված մեղադրանքը անսպասելիորեն հանվել է, երբ վկաներից մեկը հրաժարվել է նախորդ ցուցմունքից: Դրանից կարճ ժամանակ անց 16 տարվա վաղեմություն ունեցող սպանության մեջ իր մեղքը խոստովանել է Ինդիանա նահանգի բնակիչ Խուան Կառլոս Տորեսը:

2009թ. Թեդեուս Խիմենեսը ազատ է արձակվել: Նրա ազատման օրը Տորեսին ձերբակալել են: Նոր մեղադրյալի դատը դեռ չի կայացել: 2010թ. Խիմենեսի գործը վերանայվել է եւ նրա վրայից վերջնականապես հանվել է մեղադրանքը:

Իլինոյս նահանգի արդարադատության բաժանմունքի ներկայացուցիչները առարկել են նման խոշոր փոխհատուցմանը եւ հայտարարել, որ կդիտարկեն այդ որոշումը բողոքարկելու հնարավորությունները: Բայց եթե անգամ Խիմենեսը ստանա  ամբողջ գումարը, դրանից այնքան էլ շուտ չի կարող օգտվել:  2011թ. դեկտեմբերին նա մեղավոր է ճանաչվել թմրանյութերի ապօրինի պահպանման գործում, ինչի համար նրան մինչեւ  երեք տարվա ազատազրկում է սպառնում: Այդ գործով դատավճիռը կհրապարակվի փետրվարի 1-ին, գրում է NEWSru.com-ը: