Կանադայի ԱԳՆ-ն թարմացրել է ԱՄՆ ուղևորությունների հանձնարարականների բաժինը՝ հաշվի առնելով Վաշինգտոնի ընթացիկ քաղաքականությունը՝ անձնագրում չեզոք սեռի մասին նշում ունեցող համաքաղաքացիներին կոչ անելով չմեկնել հարևան երկիր:

«Չնայած այն բանին, որ Կանադայի կառավարությունը տրամադրում է «X»-ով նշվող [չեզոք] գենդերային նույնականացմամբ անձնագրեր, այն չի կարող երաշխավորել ձեր մուտքը կամ տարանցումը այլ երկրներով», - ասվում է ԱՄՆ ուղևորների համար խորհուրդների բաժնում։ Օտտավան ուղղակիորեն նշում է, որ ԱՄՆ-ում նման անձնագրերով կանադացիները «կարող են բախվել մուտքի սահմանափակումների»։

Բացի այդ, Կանադայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել Կանադայում բնակվող այն անձանց, ովքեր չունեն ազգային քաղաքացիություն, սակայն ունեն մշտական բնակչի կարգավիճակ, նույնպես նախքան ԱՄՆ մեկնելը պարզել, թե արդյոք իրենց թույլ կտան առանց վիզայի մուտք գործել այդ երկիր։ Խորհուրդներում նշվում է, որ դա կապված է Վաշինգտոնի այն որոշման հետ, որով սահմանափակվում է որոշ պետություններից օտարերկրյա քաղաքացիների մուտքը, որոնք ամերիկացիները համարում են վտանգավոր։ Նախկինում Կանադայի մշտական բնակչի կարգավիճակը դրա կրողին իրավունք էր տալիս առանց վիզայի մուտք գործել Միացյալ Նահանգներ։

Հունվարի 21-ին նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում երկու անփոփոխ սեռերի՝ արականի և իգականի ճանաչման և այսպես կոչված գենդերային գաղափարախոսությունից հրաժարվելու մասին։ Դրա կողմնակիցների պնդումն այն մասին, որ տղամարդիկ իբր կարող են նույնականացվել որպես կանայք, իսկ կանայք՝ որպես տղամարդիկ, ճանաչվում է կեղծ։ Բոլոր դաշնային գերատեսչություններին հրահանգվել է հեռացնել գենդերային գաղափարախոսությունը խթանող կամ պարտադրող ցանկացած տեղեկություն, ինչպես նաև արգելվում է պետական ֆինանսավորումն օգտագործել նման գաղափարներ տարածելու համար։ Արգելվում է նաև սեռի փոփոխության բժշկական պրոցեդուրաներ անցկացնել պետական միջոցներով։