Թուրքիայում գործող Կանաչների ձախ քրդամետ կուսակցության (DEM)՝ Վանի պատգամավոր Գյուլջան Քաչմազ Սայյիղիթը Վանի Վարագավանքի ավիրման խնդրի վերաբերյալ պաշտոնական հարցում է արել Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյին։ Վանի պատգամավորը նախարարից պատասխան է պահանջել պատմական հուշարձանի ավիրման կապակցությամբ։

Այդ մասին, www.akunq.net –ի Աղբյուրի համաձայն՝ Տիկին Քաչմազ Սայյիղիթը 7-րդ դարի Վարագավանքի ավիրումից բացի անդրադարձել է նաև Վանի մյուս պատմական հուշարձանների վիճակին ու Մշակույթի և զբոսաշրջության նախարարից ընդհանուր տեղեկություններ պահանջել դրանց վերաբերյալ։

Պատգամավորը շեշտել է, որ իրավասուները պետք է գործի անցնեն Վանի ընդհանուր մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման համար, և ընդգծել, որ պատմական հուշակոթողները մեծ նշանակություն ունեն Վան քաղաքում զբոսաշրջության զարգացման առումով։ 

Վանի պատգամավորը Մեհմեդ Նուրի Էրսոյին ուղղել է հետևյալ հարցերը․

  • Տեղեկություններ կա՞ն Վանի՝ Մետաքսի ճանապարհի վրա գտնվող Վարագավանքի ավիրման մասին։
  • Ինչու՞ չի կանխվում այդ ավիրումը։
  • Վանքի պահպանման առնչությամբ որևէ որոշում կա՞, և առկայության դեպքում կյանքի կոչվո՞ւմ է։
  • Մինչ օրս ինչպիսի՞ աշխատանքներ են կատարվել վանքի պահպանման և վերականգնման ուղղությամբ։
  • Առաջիկայում կոնկրետ քայլեր ձեռնարկվելու՞ են վանքի վերականգման ու պահպանման համար։
  • Քանի՞ պատմական հուշարձան կա ամբողջ Վանում։ Դրանցից քանի՞սն են արձանագրվել, որոնք են չգրանցվածները, և ինչպիսի՞ աշխատանքներ են իրականացվում դրանց պահպանման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ վերջերս դարձյալ թուրքական մամուլում հրապարակումներ եղան, որ Վարագավանքը կործանման եզրին է, և որ տեղի բնակիչները իշխանությունների ուշադրությունն են հրավիրել այդ փաստի վրա։