Հայկական բանակում խնդիրներ կան, եւ դրանք քիչ չեն: Դա ընդունում են բոլորը` նախարարից մինչեւ սպաներ: Այս մասին հունվարի 26-ի մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը: Մամլո ասուլիսը նվիրված է Հայկական բանակի 20-ամյակին: Հայաստանում Բանակի օրը նշվում է հունվարի 28-ին:
Նրա խոսքով, ելնելով տնտեսական ընդհանուր իրավիճակից, առայժմ անհնար է ստեղծել այն պայմանները, որոնք կցանկանայինք որ լինեին: Մասնավորապես, խոսքը ազատամարտիկների, սպայական կազմի եւ պայմանագրային ծառայողների ընտանիքների սոցիալական դրության բարելավման, բնակարանով եւ բարձր աշխատավարձով ապահովելու մասին է: Բայց առկա խնդիրները լուծելու փորձերը շարունակվում են, եւ որոշակի առաջընթաց կա:
Խորհրդարանականը հատուկ ուշադրություն է հրավիրել զոհված այն ազատամարտիկների ընտանիքին, ովքեր ԼՂՀ-ի կողմից պարգեւատրվել էին «Մարտական խաչերով»: Որքան էլ որր անարդար է, այդ ընտանիքները Հայաստանի կառավարությունից նպաստներ չեն ստանում միայն նրա համար, որ նրանց զոհված զավակները Լեռնային Ղարաբաղի կառավարությունից են ստացել պարգեւները: Հարցը հարկավոր է հնարավորինս արագ լուծել», - ընդգծել է Հրայր Կարապետյանը:
Խորհդարանականը նաեւ հայտարարել է խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մահվան հանգամանքների մանրամասն եւ անկողմնակալ հետաքննման անհրաժեշտության մասին: Կարապետյանը տեղեկացրել է, որ զինվորական դատախազին եւ Պաշտպանության նախարարության քննչական ծառայությանը համապատասխան հարցեր են ուղարկվել, պատասխանների մի մասը ստացվել է, մյուս մասը սպասվում է: Մի շարք գործերով դատական գործընթացներ են ընթանում:




























