Հարավային Աֆրիկան հինգշաբթի Իսրայելին կոչ է արել ազատ արձակել «Սումուդ» գլոբալ նավատորմի ակտիվիստներին, նրանց թվում՝ Նելսոն Մանդելայի թոռանը, նշելով, որ Իսրայելի կողմից Գազա ուղևորվող օգնության նավերի կալանավորումը լուրջ հանցագործություն է և միջազգային իրավունքի խախտում, հաղորդում է Reuters-ը։
Հարավային Աֆրիկան դատական հայց է ներկայացրել Իսրայելի դեմ Միջազգային դատարան՝ մեղադրելով նրան ցեղասպանության մեջ՝ Գազայի հատվածում իր ավերիչ պատերազմի համար, մեղադրանք, որը Իսրայելը կտրականապես հերքում է։
«Իսրայելի կողմից «Սումուդ» գլոբալ նավատորմի կալանավորումը համաշխարհային համերաշխության և Գազայի տառապանքները մեղմելու և տարածաշրջանում խաղաղություն խթանելու ցանկության ևս մեկ կոպիտ խախտում է», - հայտարարության մեջ նշել է նախագահ Սիրիլ Ռամաֆոսան։
Նախագահը պնդել է, որ իսրայելական ուժերի կողմից միջազգային ջրերում նավատորմի կալանավորումը խախտում է Միջազգային դատարանի այն կարգադրությունը, որ մարդասիրական օգնությունը պետք է անարգել մատակարարվի։
Մինչ Հարավային Աֆրիկայից նավատորմին միանալը, Մանդելայի թոռը՝ Նկոսի Զվելիվելիլե «Մանդլա» Մանդելան, Reuters-ին տված հարցազրույցում ասել է, որ «պաղեստինցիների կյանքը իսրայելական օկուպացիայի տակ ավելի վատ էր, քան սևամորթ հարավաֆրիկացիների կյանքը ապարտեիդի օրոք»։ Իսրայելը մերժում է համեմատությունները պաղեստինցիների կյանքի միջև, ովքեր ավելի քան կես դար ապրել են իսրայելական օկուպացիայի կամ տնտեսական շրջափակման տակ, և ապարտհեիդի դարաշրջանի Հարավային Աֆրիկայի հետ, երբ սևամորթ մեծամասնությունը կառավարվում էր բռնապետական սպիտակամորթ փոքրամասնության կառավարության կողմից։





























