Թայլանդցի հրետաձիգը կամբոջացի ընդդիմադիր քաղաքական գործչի սպանության համար ուրբաթ Բանգկոկում դատապարտվել է ցմահ բանտարկության, տեղեկացրել է դատավորը, հայտնել է AFP-ն։
Ֆրանսիայի քաղաքացի Լիմ Կիմյան, որն ընդդիմադիր պատգամավոր էր Կամբոջայում, հունվարի 7-ին սպանվել է Էկալակ Պաենոիի կողմից, երբ նախկին պատգամավորը Բանգկոկում էր գտնվում իր կնոջ հետ։ Կամբոջացի ընդդիմադիրները երկրի նախկին ազդեցիկ ղեկավար Հուն Սենին մեղադրել են սպանության կազմակերպման մեջ, իսկ Լիմ Կիմյայի այրին այս շաբաթ պահանջել է լիակատար հաշվետվություն ներկայացնել այն մասին, թե ով է կանգնած հանցագործության թիկունքում։
«Առաջին պատասխանողի գործողությունները վնաս են պատճառել հայցվորին,- ուրբաթ հայտնել է Բանգկոկի քրեական դատարանի դատավորը։- Քանի որ նա ընդունել է մեղքը, դատարանը պատժաչափը կրճատել է՝ նրան դատապարտելով ցմահ բանտարկության»։
Էկալակը ձերբակալվել է հարեւան Կամբոջայում կրակոցից մեկ օր անց եւ ուղիղ եթերում խոստովանել է սպանությունը: Դատավարությունը սկսվել է ընդամենը երեք օր առաջ՝ վկաների, այդ թվում՝ Լիմ Կիմյայի այրու՝ Աննա-Մարիա Լիմի հարցաքննությամբ:
Դատավորը մանրամասներ չի հայտնել մարդասպանի դրդապատճառների կամ սպանության հնարավոր պատվիրատուի մասին: Հունվարին Թաիլանդի ոստիկանությունը հայտարարել էր, որ նաեւ փնտրում են կամբոջացի քաղաքացու, որը, ենթադրաբար, կանգնած է սպանության հետեւում, նրան ձերբակալելու համար:
Ուրբաթ օրը դատարանը հանել է մեղադրանքները երկրորդ մեղադրյալի՝ Թաիլանդի քաղաքացի Չակրիտ Բուախիլի նկատմամբ, որը մեղադրվում էր կրակոցներից հետո Էկալակին մեքենայով Կամբոջայի սահման հասցնելու մեջ։
Այս տարի որոշ թաիլանդական լրատվամիջոցներ հաղորդել էին, որ Էկալակը սպանության համար ստացել է 60 000 բատ (1 800 դոլար), սակայն ոստիկանությունը հայտնել է, որ նա պնդել է, որ վճարում չի ստացել եւ աշխատանքի է անցել «երախտագիտության պարտքը մարելու համար»։
Կամբոջայի վարչապետ Հուն Մանեն հերքում է իր կառավարության կամ իր հոր՝ Հուն Սենի որեւէ ներգրավվածությունը սպանության մեջ: Նախկին վարչապետը Կամբոջան կառավարել է գրեթե չորս տասնամյակ՝ մինչեւ 2023թ․, եւ արեւմտյան երկրներն ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները վաղուց մեղադրում են նրա կառավարությանը իրավական համակարգը ընդդիմությանը ճնշելու համար օգտագործելու մեջ:




























