Հայաստանում մոտավորապես 600 հազար թոշակառուներ և նպաստառուներ կան, որոնք ամեն ամիս ստանում են պետությունից գումար. պետությունը որոշել է վերջին տարիներին սոցիալական քաղաքականության առաջնահերթության փոխարեն կիրառել ստվերի բացահայտման կամ կրճատման քաղաքականություն, ինչը ճիշտ չէ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով նրան, որ կառավարությունը հայտարարել է, որ հունվարի 1–ից կենսաթոշակառուները կարող են անկանխիկ առևտուր անելով մինչև 10 հազար դրամով ավելացնել իրենց թոշակը՝ ստանալով քեշբեք։

«Անշուշտ, շատ կարևոր է որ ստվերը պետք է կրճատել տնտեսության մեջ, պետք է հնարավորինս օրինական դաշտ բերել բիզնեսը, սակայն սոցիալական քաղաքականության նպատակը չի կարող լինել ստվերի կրճատումը։

Բացի այդ պաշտոնական բազմաթիվ տվյալներ կան, որոնց համաձայն թոշակառուների գրեթե կեսն է օգտվում այդ քեշբեքի հնարավորությունից, ինչը պայմանավորված է տարբեր գործոններով: Նախ, թոշակառուների մի մասը քարտից օգտվելու հետ կապված խնդիրներ ունեն։  Մյուս խնդիրն այն է, որ բիզնեսների որոշ շրջանակներ չեն ընդունում անկանխիկ վճարումներ։ Չնայած դա օրենքով պարտադիր է, բայց երբ որ մոտենում են մարդիկ, ասում են՝ մենք ուզում ենք վճարել, ասում են՝ սարքը չի աշխատում կամ այս պահին չենք ընդունում, այսինքն նրանց ստիպում է, որ նրանք կանխիկ աշխատեն։ Եվ երրորդ տարբերակը այն է, որ գյուղական շրջանակներում խանութները այդ վճարման տարբերակները չկան»,–ասաց նա։

Պարսյանը նկատեց, որ թոշակառուների մեծ մասը աղքատ են կամ ծայրահեղ աղքատ են, և նրանք իրենց գնումները հաճախ իրականացնում են պարտքով, այսինքն տետրի մեջ գրում են իրենց գնումները ամբողջ ամսվա ընթացքում, հետո ամսվա սկզբին, երբ ստանում են թոշակը, կանխիկացնում են և վճարում են. «Այնպես չէ, որ իրենք քիչ-քիչ են վճարում, երբեմն այդ պարտքը կուտակելուց հետո են իրենք վճարում; Այդ դեպքում բնականաբար չեն կարող բիզնեսմենին պարտադրել, ասել, ես ցանկանում եմ, օրինակի համար, իմ պարտքը մեկ ամսվա վճարել քարտային եղանակով։ Բիզնեսմենը միշտ չի էլ կարող դա կազմակերպել։ Հետևաբար, մենք պետք է հասկանանք, որ այս գործընթացները չպետք է իրականացվեն մեկը մյուսի հաշվին։ Այո, պետությունը ուզում է խրախուսել մարդկանց, որ անկախիկ անեն, պետք է լինեն այդ գործիքները, բայց դրան զուգահեռ պետք է բարձրացնել նաև թոշակի մակարդակը, շեմը, ոչ թե հույսը դնել քեշբեքերի վրա։

Եթե նույն էդ տրամաբանությամբ առաջնորդվենք, եկեք բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, որ վերջին տարիներին բարձրացել են, իրենց համար էլ այդ նույն համակարգը դնենք, որ, օրինակ, պատգամավորը կամ նախարարը, որ ստանում է, ենթադրենք, 1 մլն 500 հազար դրամ գումար, իրենց համար էլ քեշբեք դնենք, որ կգնա քարտով առևտուր կանի, քեշբեկ կստանա։ Չի կարելի ծայրահեղությունների մեջ ընկնել և փորձել այդ ամեն ինչը փաթաթել ստվերի կրճատման անվան տակ»,– ընդգծեց տնտեսագետը։