Լիտվայի մշակույթի նախարար Իգնոտաս Ադոմավիչյուսը հրաժարական է տվել՝ չկարողանալով պատասխանել Ղրիմի պատկանելության վերաբերյալ հարցին: Լիտվական LRT գործակալությնա տվյալներով՝ նա պաշտոնավարել է ընդամենը մեկ շաբաթ:
Հարցազրույցում lrytas.lt-ի լրագրողը հարցրել է Ադոմավիչյուսին, թե ում է պատկանում Ղրիմը: Նախարարը խուսափել է ուղիղ պատասխանից՝ հարցը անվանելով «սադրիչ» և «Մշակույթի նախարարությանը չվերաբերող»:
Մի քանի պարզաբանումներից հետո նա կրկնել է, որ «կա մի սահման, որը չպետք է հատել»:
Դրանից հետո Լիտվայի նախագահի աշխատակազմը կառավարության անդամի դիրքորոշումը հայտարարել է «անհասկանալի և անընդունելի» և կասկածի տակ է դրել նրա շարունակական դերը կառավարությունում:
Հոկտեմբերի 3-ին կոալիցիոն խորհուրդը ծրագրել էր քննարկել նախարարի հրաժարականը, սակայն վարչապետ Ինգա Ռուգինիենեի «համբերության բաժակը լցվել է»:
LRT-ի տվյալներով՝ պահպանողական կուսակցության առաջնորդ Լաուրինաս Կաշչյունասը Լիտվայի պետական անվտանգության դեպարտամենտին խնդրել է ստուգել, թե արդյոք մշակույթի նախարարը հասանելիություն ունի գաղտնի տեղեկատվությանը՝ իր հայտարարություններից հետո։
Քաղաքական գործիչը նշել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը կասկածներ է առաջացնում իր հուսալիության և անվտանգության պահանջները կատարելու ունակության վերաբերյալ։
Կաշչյունասն ընդգծել է, որ նախարարի հայտարարությունները հակասում են կառավարության՝ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը աջակցելու հանձնառությանը։
Ընդսմին, Ադոմավիչյուսն ինքն է իրադարձություններից առաջ ընկել և հայտարարել է իր հրաժարականի մասին։ Նա նշել է, որ դա անում է ոչ թե իր սեփական սխալների, այլ արտաքին ճնշման պատճառով, որը սպառնալիք է ներկայացնում իր ընտանիքի անվտանգության համար։
«Իմ ընտանիքն ու հասարակությունը պաշտպանելու և կառավարության աշխատանքին չմիջամտելու համար որոշել եմ հրաժարական տալ։ Դա իմ անձնական ընտրությունն է. ոչ ոք ինձ չի ստիպել։ Ըստ իս, դա կօգնի իրավիճակի լիցքաթափմանը»,- հայտարարել է նա։
Իգնոտաս Ադոմավիչյուսը, որը ներկայացնում է ծայրահեղ աջ «Նեմանի արշալույս» կուսակցությունը, նախարարի պաշտոնը զբաղեցրել է ընդամենը մեկ շաբաթ։
Պարբերականը նշում է, որ Ադոմավիչյուսի թեկնածությունը սկզբում մեծ դժգոհություն էր առաջացրել մշակութային համայնքում, քանի որ նա, Ազգային արվեստի դպրոցն ավարտելուց զատ, մշակութային ոլորտի հետ որևէ առնչություն չունի։
Նախարարի պաշտոնում նշանակվելուց առաջ նա կարճ ժամանակով աշխատել է որպես Սեյմի փոխխոսնակի խորհրդական, իսկ ավելի վաղ եղել է ընտանեկան Bravopasta մակարոնեղենի ընկերության առևտրային տնօրեն։





























