Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է Սահմանադրությանը մի դրույթ ավելացնելու ծրագրերի մասին, որը կերաշխավորի կանանց հղիության ընդհատման իրավունքը, նախագծի մասին նա գրել է X-ում։

Սանչեսի մեկնաբանությունն արձագանք էր Մադրիդի քաղաքային խորհրդի որոշմանը՝ պահանջել առողջապահական ծառայություններից տեղեկացնել հղիության ընդհատման հնարավորությունը դիտարկող կանանց այսպես կոչված «հետաբորտային համախտանիշի» մասին, որի գոյության վերաբերյալ գիտական համայնքում համերաշխություն չկա։

Այդ քայլը առաջարկել է ծայրահեղ աջ Vox կուսակցությունը և աջակցել են աջակողմյան Իսպանիայի Ժողովրդական կուսակցության անդամները։

«Ժողովրդական կուսակցությունը որոշել է միավորվել ծայրահեղ աջերի հետ։ Դա իրենց գործն է։ Նրանք կարող են դա անել։ Միայն թե ոչ կանանց ազատությունների և իրավունքների հաշվին»,- ասել է Իսպանիայի վարչապետը։

Նա հավելել է, որ Իսպանիայի կառավարությունը նախատեսում է «առաջարկ ներկայացնել խորհրդարանին՝ սահմանադրորեն ամրագրելու հղիության կամավոր դադարեցման իրավունքը՝ ըստ Սահմանադրական դատարանի նախադեպային իրավունքի»։

«Այս կառավարության օրոք սոցիալական իրավունքների ոլորտում հետընթաց չի լինի»,- ընդգծել է Սանչեսը։

Այս քայլին հավանություն տալու դեպքում, որը պահանջում է խորհրդարանական աջակցություն, Իսպանիան կդառնա աշխարհում երկրորդ երկիրը, որը ամրագրում է հղիության ընդհատման իրավունքը իր սահմանադրության մեջ՝ Ֆրանսիայից հետո, որն այդ քայլին դիմել էր անցյալ տարի։