Ռիո դե-Ժանեյոյի քաղաքապետարանը հայտնել է, որ փրկարարները շենքերի փլատակների տակից դուրս են բերել առաջին 3 զոհերի դիակները:

Քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով, վիրավորվել է 11 մարդ, որոնցից 3-ը տեղափոխվել են հիվանդանոց: Փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Հիշեցնենք, որ Ռիո դե-Ժանեյրոյի կենտրոնում 20 եւ 10 հարկանի երկու շենք է փլվել:

Կան զոհեր եւ վիրավորներ: Նրանց ճշգրիտ թիվը դեռ հայտնի չէ: Որոշ տվյալներով` նրանց թիվը տասից պակաս չէ:

Փլուզումը տեղի է ունեցել երեկոյան` աշխատանքային օրվա ավարտից հետո: Շենքերում, որոնց մեծ մասը գրասենյակներն էին զբաղեցնում, փլուզման պահին դեռ մարդիկ են եղել: Փլուզված շենքերը գտնվում են ամենաբանուկ հատվածներից մեկում` վերջերս հիմնանորոգված մունիցիպալ թատրոնի մոտ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Պատահածի պատճառների մասին տվյալներ առայժմ չկան: Ականատեսները վկայում են, որ շենքերը փլվել են պայթյունից հետո: Քաղաքապետը, հիմնվելով հրշեջների տեղեկատվության վրա, ենթադրում է, որ առայժմ անհայտ պատճառներով շենքերից մեկի կրող կոնստրուկցիաները չեն դիմացել: