ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթն ազատել է Ջոն Հարիսոնին ԱՄՆ ՌԾՈւ շտաբի պետի պաշտոնից, հաղորդել է Politico-ն։
Հունվարին նշանակված Հարիսոնը ՌԾՈւ նախարար Ջոն Ֆելանի հիմնական դաշնակիցն էր եւ կարեւոր դեր է խաղացել ռազմածովային ուժերի բյուրոկրատական կառուցվածքի վերակազմակերպման գործում՝ ձգտելով սահմանափակել ՌԾՈւ փոխնախարար Հունգ Կաոյի ազդեցությունը։
Կաոյի՝ ռազմածովային ուժերի փոխնախարար նշանակվելուց հետո Հարիսոնը եւ Ֆելանը վերաբաշխել են Կաոյին աջակցող օգնականների պարտականությունները եւ պլանավորել են հարցազրույցներ անցկացնել ապագա ռազմական օգնականների հետ՝ ապահովելու համար նրանց վերահսկողությունը նախարարի գրասենյակից եկող որոշումների նկատմամբ։ Սա հանգեցրել է լարվածության եւ դժգոհության Պենտագոնի ներսում։
Ռազմական նախարարությունը հաստատել է Հարիսոնի ազատման լուրը, սակայն չի նշել պատճառները: Պարբերականն ընդգծել է, որ ազատումը Հեգսեթի գլխավորած ավելի լայն վերակազմակերպման մի մասն է, որը նախկինում ազատել էր մի քանի բարձրաստիճան զինվորական ղեկավարների եւ պաշտոնյաների՝ Ռազմածովային ուժերի արդիականացման եւ ամրապնդման ջանքերի շրջանակում, մասնավորապես՝ հաշվի առնելով թերությունները նավաշինական ոլորտում։
Չնայած այս նախաձեռնություններին՝ ՌԾՈւ հիմնական ծրագրերը շարունակում են հետաձգվել, իսկ ԱՄՆ նավաշինարանների արտադրական հզորությունները զիջում են ինչպես դաշնակիցներին, այնպես էլ պոտենցիալ հակառակորդներին, ընդգծել է պարբերականը։





























