Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ Կախա Կալաձեն հաղթել է Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում՝ հավաքելով 71,5 տոկոս։ Կախա Կալաձեն քաղաքապետ է ընտրվել երրորդ ժամկետով, տեղեկացրել է Վրաստանի Առաջին ալիքը։

ԿԸՀ տվյալներով՝ Վրաստանի մայրաքաղաքում հաշվարկվել են 584 ընտրական տեղամասերից 572-ի ձայները, ինչը կազմում է ընտրատեղամասերի ընդհանուր թվի 97,94 տոկոսը։

ԿԸՀ տվյալներով՝ Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուների ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

Կախա Կալաձե – 71,55 տոկոս — 210 280 ձայն։

Իրակլի Կուպրաձե – 12,45 տոկոս — 36 612 ձայն։

Յագո Խվիչիա – 7,52 տոկոս — 22 122 ձայն։

Զուրաբ Մախարաձե – 4,12 տոկոս — 12 110 ձայն։

Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում գրանցվել է ինը թեկնածու։

Բացի այդ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ «Վրացական երազանք» կուսակցությունը Թբիլիսիի սակրեբուլոյի ընտրություններում ստացել է 70,15 տոկոս ձայն։ Նախնական տվյալներով՝ «Վրացական երազանքը» նաեւ հաղթել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում բոլոր շրջաններում։