Գերմանիան «վճռականորեն հավատարիմ» կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավորարևելյան խաղաղության ծրագրի իրականացմանը՝ այն անվանելով «եզակի հնարավորություն», կիրակի հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը՝ նախքան Քաթար և Քուվեյթ կատարելիք այցը, հայտնում է AFP-ն։
«Ամերիկյան ծրագրի արագ իրականացման համար... անհրաժեշտ է արագ միջազգային համագործակցություն», - հայտարարել է Յոհան Վադեֆուլը՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև անուղղակի բանակցությունների սպասվող մեկնարկից առաջ։
Վադեֆուլը նշել է, որ Բեռլինը «կոնկրետ առաջարկներ» կանի՝ որպես «մարդասիրական օգնության, Գազայի կայունացման և վերականգնման գործընկեր»։
«Տարածաշրջանն ընդհանուր առմամբ կարիք ունի կայունացման, որը կապահովի ամուր անվտանգություն բոլորի համար, քաղաքական հեռանկար պաղեստինցիների համար և, վերջապես, հարաբերությունների կարգավորում բոլոր պետությունների և Իսրայելի միջև», - հավելել է նա։
Ակնկալվում է, որ երկու տարի անց՝ գրեթե նույն օրը 2023 թվականի հոկտեմբերյան ահաբեկչական հարձակումներից հետո, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները կիրակի Կահիրեում անուղղակի բանակցություններ կանցկացնեն՝ Գազայում պատերազմը դադարեցնելու և մնացած իսրայելցի պատանդներին ազատ արձակելու Թրամփի ծրագրի շուրջ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հույս ունի, որ պատանդների ազատումը կարող է իրականացվել «առաջիկա օրերին»։