ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի օրը NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման և Իսրայելի միջև շարունակվող բանակցությունները դեռ չեն նշանակում պատերազմի ավարտ, և որ Գազան կառավարող խմբի ստեղծումը «որոշ ժամանակ կպահանջի», սակայն ընդգծել է, որ դրա համար ծրագիր կա։

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը, կարծես, աստիճանաբար մոտենում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած 20 կետից բաղկացած խաղաղության ծրագրի իրականացմանը։

«Բոլորը համաձայնել են, ներառյալ Իսրայելը, որ ի վերջո, ինչ-որ պահի, քանի որ այս գործընթացը զարգանում է, Գազան կկառավարի պաղեստինյան տեխնոկրատական խումբը, որը ՀԱՄԱՍ չէ, որն ահաբեկիչ չէ, միջազգային կոնսորցիումի աջակցությամբ և ղեկավարությամբ, ինչպիսին է խաղաղության խորհուրդը»,- ասել է Ռուբիոն։

Միաժամանակ, ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ «երեք օրում անհնար է Գազայում ստեղծել կառավարման կառույց՝ տարբերվող ՀԱՄԱՍ-ից»։

«Ես նկատի ունեմ, որ դա որոշ ժամանակ է պահանջում»,- ասել է նա։

Հարցին, թե արդյոք խաղաղ բանակցությունները նշանակում են պատերազմի ավարտ Գազայում, Ռուբիոն պատասխանել է՝ «Դեռ ոչ»։

«Դեռ որոշակի աշխատանք կա անելու»,- ասել է նա՝ մատնանշելով խաղաղության ծրագրի իրականացման նյութատեխնիկական ապահովումը որոշելու համար շարունակվող հանդիպումները։

Այժմ կողմերը պետք է, նախ, որոշեն, թե ինչպես կազատվեն պատանդները, և, երկրորդ, թե ինչպես ստեղծել նոր պաղեստինյան ղեկավարություն։

Ներկայումս բանակցություններ են ընթանում պատանդներին ազատ արձակելու լոգիստիկ ուղիները որոշելու շուրջ, ասել է նա։

«Դուք պետք է համոզվեք, որ Կարմիր Խաչը կկարողանա հասնել այնտեղ, թե երբ նրանք կլինեն այնտեղ, և թե որտեղ կլինեն»,- ասել է Ռուբիոն։ - Այդ ամենը պետք է կարգավորվի»։

Պատասխանելով հարցին, թե արդյոք պատանդները կարող են ազատ արձակվել արդեն այս շաբաթ, Ռուբիոն ասել է. «Մենք ցանկանում ենք, որ դա տեղի ունենա հնարավորինս շուտ»։