ԱՄՆ վարչակազմը կսկսի դաշնային ծառայողների զանգվածային կրճատումները, եթե երկրի նախագահ Դոնալդ Թրամփը որոշի, որ Կոնգրեսի դեմոկրատների հետ բանակցությունները՝ կառավարության մասնակի փակման (շաթդաունի) դադարեցման շուրջ, «բացարձակապես ոչ մի արդյունքի չեն հանգեցնի», հայտարարել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Քևին Հասեթը CNN-ին տված հարցազրույցում։

Շաթդաունի հինգերորդ օրը Հասեթը նշել է, որ դեռևս հույս ունի, որ դեմոկրատները կզիջեն՝ կանխելով ծախսատար շաթդաունը և դաշնային ծառայողների կրճատումները, որոնցով սպառնացել էր Սպիտակ տան բյուջեի տնօրեն Ռասել Վոութը։

«Նախագահ Թրամփը և Ռաս Վոութը քննարկում են իրավիճակը և պատրաստվում են գործել, եթե անհրաժեշտ լինի, սակայն հույս ունեն, որ դրա կարիքը չի լինի, — ասել է Հասեթը։- Եթե նախագահը որոշի, որ բանակցությունները բացարձակապես ապարդյուն են, ապա կսկսվեն կրճատումները։ Բայց ես կարծում եմ, որ բոլորը դեռ հույս ունեն, որ երբ շաբաթվա սկզբին ամեն ինչ նորից սկսվի, մենք կկարողանանք համոզել դեմոկրատներին, որ նման կրճատումներից խուսափելը պարզապես ողջամիտ քայլ է»։

Սակայն այն պահից ի վեր, երբ Թրամփը հանդիպել է Կոնգրեսի բարձրագույն ղեկավարության հետ՝ անցած շաբաթ, շաթդաունի դադարեցման շուրջ բանակցությունների որևէ շոշափելի նշան չի եղել։

Շաթդաունը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 1-ից՝ 2026 ֆինանսական տարվա սկզբին, այն բանից հետո, երբ Սենատի դեմոկրատները մերժել են կարճաժամկետ ֆինանսավորման առաջարկը, որը թույլ կտար դաշնային գործակալություններին շարունակել աշխատանքը մինչև նոյեմբերի 21-ը։

Դեմոկրատները պահանջում են երկարաձգել առողջապահական ապահովագրության հարկային արտոնությունները՝ ամերիկացիներին մասնավոր բժշկական ապահովագրություն ձեռք բերելու հնարավորություն տալու համար՝ «Մատչելի բժշկական ծառայությունների մասին» օրենքի շրջանակում, ինչպես նաև գրավոր երաշխիքներ, որ Սպիտակ տունը միակողմանիորեն չի փորձի չեղարկել այն ծախսերը, որոնք համաձայնեցվել են որևէ գործարքի շրջանակում։