Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ այսօր և առաջիկա օրերին ցանկացած բողոքի ակցիա կդիտարկվի որպես շարունակություն գիշերային իրադարձությունների՝ նախագահական պալատի գրոհի փորձի, և կձեռնարկվեն «համապատասխան միջոցներ», հաղորդում է Новости-Грузия-ն։

ՆԳՆ-ն հանդես է եկել նախազգուշացմամբ.

«Մենք ունենք հիմքեր ենթադրելու, որ այսօր և առաջիկա օրերին կայանալիք ցանկացած հավաք հանդիսանում է երեկվա փորձի շարունակությունը, և մենք կձեռնարկենք համապատասխան միջոցներ՝ ապահովելու համար, որ հասարակական կարգին և անվտանգությանը ոչինչ չսպառնա։

Մենք կոչ ենք անում բոլորին հաշվի առնել այս հանգամանքը և զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հիմք հանդիսանալ պատասխանատվության ենթարկվելու համար», — նշված է գերատեսչության հայտարարությունում։

«Խաղաղ հեղափոխության» նպատակով անցկացվող բողոքի ակցիան տեղի է ունեցել Թբիլիսիում՝ անցած շաբաթ օրը՝ զուգահեռաբար տեղական ինքնակառավարման ընտրություններին։ Ակցիայի կազմակերպիչները հայտարարել են, որ Վրաստանի ներկայիս կառավարությունը ոչ լեգիտիմ է և պահանջել են սկսել «իշխանության խաղաղ փոխանցման» գործընթացը։

Կազմակերպիչների քաղաքական խորհրդի կոչով ցուցարարների մի մասը փորձել է ներխուժել նախագահական նստավայր, որը գտնվում էր մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա հիմնական բողոքի վայրից։

Հատուկ նշանակության ուժերը ցուցարարներին հետ են մղել արցունքաբեր գազի և ջրցան մեքենաների օգնությամբ։ Մերձակա փողոցներում ցուցարարները բարերի և ռեստորանների գույքի միջոցով բարիկադներ են կառուցել և այնտեղից ոստիկանության ուղղությամբ հրավառության նյութեր և քարեր են նետել։

Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հոսպիտալացվել է ՆԳՆ 21 աշխատակից և վեց ցուցարար։ Ձերբակալվել են ակցիայի կազմակերպչական շտաբի անդամները։

«Վրացական երազանք» կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ անցած շաբաթ օրը Թբիլիսիում իրականացվել է «պետական հեղաշրջման փորձ, որը կազմակերպվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից»։