Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հունգարական «Պարտիզան» առցանց պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Լեհաստանը և Բալթյան երկրները մասամբ պատասխանատու են Ռուսաստանի հետ բանակցությունների ձախողման և մի քանի ամիս անց Ուկրաինայի դեմ սկսված ռուսական ագրեսիայի համար։
Մերկելը հիշեցրել է 2015 թվականի Մինսկի համաձայնագրերը, որոնց մշակմանը ինքը նպաստել էր և որոնք, ըստ նրա, 2015-ից 2021 թվականներին «հանգստություն բերեցին» և հնարավորություն տվեցին Ուկրաինային «ուժ հավաքել» և «դառնալ այլ երկիր»։
«2021 թվականի հունիսին ես զգացի, որ Մինսկի համաձայնագիրն այլևս լուրջ չի ընդունվում Պուտինի կողմից և այդ իսկ պատճառով ես ցանկանում էի նոր պաշտոնական լուծում գտնել, որպեսզի մենք կարողանայինք ուղղակիորեն խոսել Պուտինի հետ՝ որպես Եվրոպական միություն», - նշել է նա։
Սակայն, ըստ Մերկելի, իր նախաձեռնությունը աջակցություն չի ստացել։ «Որոշ երկրներ, հիմնականում Բալթյան երկրները, դեմ են եղել դրան, բայց Լեհաստանը նույնպես դեմ է եղել», - հայտարարել է նա։
Նրա կարծիքով, այս չորս երկրները «վախենում էին, որ մենք ընդհանուր քաղաքականություն չենք ունենա Ռուսաստանի նկատմամբ»։
Մերկելը պատերազմին նախորդող իրադարձությունների վերաբերյալ իր տեսակետը ամփոփել է հետևյալ կերպ. «Ամեն դեպքում, դա տեղի չունեցավ: Հետո ես հեռացա պաշտոնից և սկսվեց Պուտինի ագրեսիան»:





























