Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում այսօր կատարվել են քննչական գործողություններ: Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Կատարվել է մեղադրյալի կողմից մատնանշված տեղանքի զննություն, որտեղ վերջինս, համաձայն իր ցուցմունքի, սովորել է կրակել:

Մասնավորապես, հատուկ գործողություններն իրականացվել են Մերձավանի գերեզմանատը, որտեղ հուղարկավորված է համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը։

Թեեւ քննչական գործողություններն ավարտվել են ու մեղադրյալ Գեւորգ Հարությունյանին տարել են այդտեղից, ոստիկանությունը շարունակում է հերթապահություն իրականացնել Վալոդյա Գրիգորյանի գերեզմանի մոտ՝ մի քանի մետր հեռավորության վրա։

Ականատեսները NEWS.am–ի հետ զրույցում հայտնեցին, որ քննչական գործողությունների արդյունքում Գեւորգ Հարությունյանը հայտնել է, ո գերեզմանի տարածքում է կրակել սովորել.

«Հատուկ ջոկատայինները քննչական գործողությունների արդյունքում նաև ինչ–որ արկղեր հայտնաբերեցին և իրենց հետ տարան։ Երևի էդ տղային հետները բերել էին, որ այդ արկղերի տեղն ասեր։ Թե ինչ է մեջը՝ չգիտենք»,–ասացին գերեզմանատանը հավաքված մարդկանցից մի քանիսը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ էին հնչել։

Սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը: Վիրավորում էր ստացել Արծրուն Գալստյանը:

Մեկ անձ մոտեցել, կրակ էր բացել և դիմել փախուստի:

Սեպտեմբերի 26-ին տեղեկացրել էինք, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկանի սպանության գործով ձերբակալվել է Նարեկ Օհանյանը։

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով Քննչական կոմիտեն մանրամասներ և լուսանկարներ էր հրապարակել:

Նարեկ Օհանյանը կալանավորվել է սպանությանն օժանդակելու մեղադրանքով։