ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն մարմինը երկուշաբթի օրը համաձայնել է մշտական հետաքննություն սկսել Աֆղանստանում «Թալիբան» շարժման օրոք մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, ներառյալ կանանց և աղջիկների նկատմամբ խախտումները։ Դրա անհրաժեշտությունը առաջ է քաշել Եվրոպական միությունը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Քանի որ առարկություններ չեն եղել և միայն Չինաստանն է հրաժարվել կոնսենսուսից, Մարդու իրավունքների խորհուրդը համաձայնել է ստեղծել «մշտական անկախ հետաքննության մեխանիզմ»՝ Աֆղանստանում մարդու իրավունքների պահպանումը վերահսկելու համար՝ Թալիբների իշխանության վերադարձից ավելի քան չորս տարի անց։
Բանաձևն ուղղված է գործի նյութերի նախապատրաստմանը, որոնք կարող են օգտագործվել միջազգային արդարադատության կողմից, օրինակ՝ Միջազգային քրեական դատարանում և հատուկ քննիչի աշխատանքի զարգացմանը, որն արդեն ստեղծվել է 47 անդամ երկրների Խորհրդի կողմից։ Քննիչը՝ հատուկ զեկուցող Ռիչարդ Բեննեթն է, որն անցյալ ամիս հայտարարել էր, որ թալիբները «զինել են իրավական և դատական համակարգը՝ կանանց ու աղջիկներին ճնշելու համար, ինչը հավասարազոր է մարդկության դեմ ուղղված հանցագործություններին»։
Ընդունված միջոցառումների թվում «Թալիբանը» կասեցրել է կանանց և աղջիկների իրավունքները պաշտպանող օրենքների գործողությունը, այդ թվում՝ օրենքները, որոնք քրեականացնում էին կանանց նկատմամբ բռնության 22 ձևերը, ներառյալ բռնաբարությունը և հարկադիր ամուսնությունները։ Բեննեթի խոսքով՝ թալիբները պաշտոնից ազատել են նախորդ՝ ԱՄՆ-ի աջակցությամբ գործող կառավարության օրոք բոլոր դատավորներին, այդ թվում՝ 270 կանանց, նրանց փոխարինելով տղամարդկանցով։ Այդ տղամարդիկ չունեն իրավաբանական կրթություն և որոշումներ են կայացնում թալիբների կողմից արձակված հրամանների հիման վրա։





























