Տեխնոլոգիաների և վերամշակման իրավունքների շուրջ վեճերի պատճառով Չինաստանի և Ռուսաստանի հետ բանակցությունների դադարեցումից հետո Թուրքիան դիտարկում է Միացյալ Նահանգների հետ գործընկերության հնարավորությունը՝ Արևմտյան Անատոլիայում հազվագյուտ հողերի հանքավայրեր մշակելու համար, գրում է Bloomberg-ը։
Ըստ Bloomberg-ի աղբյուրների՝ Անկարան և Վաշինգտոնն ուսումնասիրում են համատեղ նախագիծ Էսկիշեհիրի (հյուսիս-արևմտյան Թուրքիա) մոտ գտնվող Բեյլիկովա շրջանում, որտեղ ցերիումի, պրազեդիմիումի ((Praseodymium) և նեոդիմիումի հանքավայր է հայտնաբերվել։
Ընկերություններն այժմ գնահատում են հանքավայրերի որակը և դրանց առևտրային արդյունահանման հնարավորությունը։ Թուրքիան միաժամանակ բանակցություններ է վարում Կանադայի և Շվեյցարիայի հետ՝ նախագծի տնտեսական հիմնավորվածության ուսումնասիրության շուրջ և հանքավայրերի մասին տվյալների թափանցիկությունն ապահովելու համար նախատեսում է դիմել JORC հավաստագրման։
Անկարան մտադիր է Բեյլիկովում նավթավերամշակման գործարան կառուցել. նախնական փորձարկումները ցույց են տալիս, որ հանքաքարը պարունակում է ավելի քան 1% հազվագյուտ հողերի օքսիդ, ինչն արդյունահանումը տնտեսապես շահավետ է դարձնում։
Միևնույն ժամանակ, նախագահներ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև անցյալ ամիս Սպիտակ տանը անցկացված հանդիպումից հետո Թուրքիան ընդլայնում է համագործակցությունը Վաշինգտոնի հետ էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում։ Ըստ Bloomberg-ի՝ այդ քայլն արտացոլում է համաշխարհային միտում. ԱՄՆ-ն և ԵՄ-ն ձգտում են նվազեցնել Չինաստանից իրենց կախվածությունը բարձր տեխնոլոգիական սարքերում, պաշտպանության և էլեկտրոնիկայում օգտագործվող անհրաժեշտ հազվագյուտ հողային տարրերի արտադրության համար։
Թուրքիան փորձում է պահպանել հավասարակշռությունը Արևմուտքի և Չինաստանի միջև՝ լինելով ԱՄՆ-ԵՄ մատակարարման դիվերսիֆիկացման գործընկերության անդամ և ԲՐԻԿՍ-ի պոտենցիալ գործընկեր։




























