Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Քեթրին Ռայխեն DPA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում կոչ է արել ավելացնել երկրում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի արտադրությունը:
«Ով ցանկանում է գերիշխել երկնքում, պետք է ձգտի դրան: Գերմանիան պետք է դառնա անօդաչու թռչող սարքերի առաջատար արտադրող, ներառյալ՝ Ուկրաինային աջակցելու, մեր սեփական պաշտպանական կարողություններն ամրապնդելու և կարևորագույն ենթակառուցվածքները պաշտպանելու համար»,- գործակալությանը ասել է նախարարը:
Ըստ նրա՝ երկիրը պետք է արագորեն մեծացնի անօդաչու թռչող սարքերի արտադրությունը և այս ոլորտում շարունակ նոր տեխնոլոգիաներ զարգացնի, դրանց թվում՝ արհեստական բանականություն կիրառմամբ: «Դրան հասնելու համար մենք պետք է մոբիլիզացնենք բոլոր հասանելի ռեսուրսները, ներառյալ՝ նոր փոխդասավորությունում, որը կներառի խոշոր արդյունաբերություն, փոքր և միջին ձեռնարկություններ, ստարտափներ և հետազոտական կենտրոններ: Եվրոպայի անվտանգության հարցերը կլուծվեն մեր արտադրական ձեռնարկություններում»,- ընդգծել է Ռայխեն:
Օբյեկտների շարքում, որոնց համար առաջին հերթին կօգտագործվեն անօդաչու թռչող սարքերը, նախարարը նշել է օդանավակայանները, նավահանգիստները, խողովակաշարերը, նավթավերամշակման գործարանները, հեղուկացված բնական գազի տերմինալները, հետազոտական կենտրոնները, հիվանդանոցներն ու և էլեկտրական ենթակայանները: Նախարարը այս մեկնաբանությունն արել է անցյալ շաբաթ տեղի ունեցած միջադեպերից հետո, երբ Մյունխենի օդանավակայանն անհայտ անօդաչու թռչող սարքերի նկատման պատճառով դադարեցրել էր գործունեությունը։





























