Ֆրանսիայի հեռացող վարչապետ Սեբաստիան Լըկոռնյուն չի ցանկանում վերանշանակվել այդ պաշտոնում, սակայն կկատարի քաղաքական ուժերի հետ ապագա կառավարության վերաբերյալ բանակցելու՝ նախագահ Էմանուել Մակրոնի հանձնարարականը։ Դրա մասին հայտնել է Le Figaro -ն։

Ըստ պարբերականի՝ Լըկոռնյուն դրա մասին անձամբ տեղեկացրել է նախագահին, սակայն վերջինս պնդել է, որ հեռացող վարչապետը հոկտեմբերի 8-ին «վերջնական բանակցություններ» անցկացնի քաղաքական հարցերի շուրջ և հրապարակի արդյունքները։ Լըկոռնյուն համաձայնել է, բայց, ինչպես ընդգծում է Le Figaro-ն, հայտարարել է, որ անկախ արդյունքից, «չի շարունակի իր առաքելությունը»։

Պարբերականը նշում է, որ նախկին վարչապետ և նախագահական կենտրոնամետ «Վերածնունդ» կուսակցության գլխավոր քարտուղար Գաբրիել Աթտալը նախագահին խնդրել է հանդես գալ որպես «բանակցող»։ Հրապարակման մեջ ընդգծվում է, որ Լըկոռնյուի շրջապատը չի հերքել այս տեղեկությունը։

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկոռնյուն հրաժարականի դիմում ներկայացրեց Մակրոնին՝ ընդդիմության քննադատության ֆոնին, նոր կառավարության հայտարարությունից մեկ օր անց, որի 18 տեղերից 13-ը բաժին էին հասել նախորդ կաբինետի անդամներին։ Հոկտեմբերի 6-ի երեկոյան Ելիսեյան պալատը հայտարարեց, որ Մակրոնը Լըկոռնյուին հանձնարարել է մինչև հոկտեմբերի 8-ը նոր բանակցություններ վարել բոլոր քաղաքական ուժերի հետ՝ «գործողության հարթակ սահմանելու և երկրի կայունության համար»։ Նա խոստացել է բանակցությունների ձախողման դեպքում «պատասխանատվություն ստանձնել» հետագա որոշումների համար, ինչի մասին, ըստ Ֆրանսիայի առաջնորդին մոտ կանգնած աղբյուրների, հայտնել են լրատվամիջոցները։