Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանում հատուկ գործողություն է իրականացվում հոկտեմբերի 4-ի հանրահավաքին մասնակցած «հանցագործներին» ձերբակալելու համար, հաղորդում է SOVA-ն։
Քաղաքական գործիչը հավելել է, որ հոկտեմբերի 6-ին մի քանի մարդ կձերբակալվի։ Կոբախիձեն միաժամանակ պնդում է, որ համապատասխան ծառայություններն արդեն բացահայտել են «չափազանց շատ անձանց», որոնք ներխուժել են նախագահական նստավայրի բակ։
Վարչապետն ընդգծել է, որ միջոցներ կձեռնարկվեն՝ ապահովելու համար, որ «ոչ ոք չհամարձակվի վեցերորդ հեղափոխություն կազմակերպել»։
«Մենք հայտարարել ենք, որ բռնությանը մասնակցած և նախագահական նստավայրը գրոհած անձինք պատասխանատվության կենթարկվեն ըստ բոլոր օրենքների։
Միաժամանակ հոկտեմբերի 4-ից առաջ բոլորին հիշեցրինք, որ շատ ավելի մեծ ռեսուրսներ ունենք՝ մեղավորներին բացահայտելու համար։ Համապատասխանաբար, շատ բռնի ցուցարարներ ստիպված են սպասել համապատասխան միջոցառումների։
Այսօր անցկացվում է համապատասխան հատուկ գործողություն։ Այսօր մի քանի հանցագործներ կձերբակալվեն։ Այս գործընթացն, անկասկած, կշարունակվի։ Նախագահական նստավայրում չարաշահումներ կատարած բազմաթիվ անձինք արդեն իսկ բացահայտվել են։ Ոմանք թաքնվում են բնակարաններում, մյուսները փախել են շրջաններ։
«Հանրահավաքի» բոլոր հայտարարված կազմակերպիչները ձերբակալվել են։ Ես հիմա խոսում եմ նրանց մասին, ովքեր անմիջականորեն գրոհել են նախագահական նստավայրը։ Նրանք այս նոր սերնդի ծայրահեղական խմբավորումների ներկայացուցիչներ են, որոնք ունեին կոնկրետ առաքելություն, և նրանք այն ստացան։ Նրանք պետք է գրոհեին պետությունը։ Սակայն դուք տեսաք, որ այդ հարձակումն անհաջող էր»,- հայտարարել է Կոբախիձեն։





























