Արարատի նախկին փոխքաղաքապետ, ԲՀԿ կառույցի ղեկավար Կարեն Խաչատրյանը, ով արդեն ՀՀ Ոստիկանության Արարատի բաժանմունքի պետ է նշանակվել NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հավատացնում է, որ իր նշանակմամբ Արարատում ԲՀԿ-ի դեմ արշավ չի սկսվելու: «Այսինքն, եթե կա հանցագործություն, այն պետք է բացահայտվի եւ պատժվի ըստ օրենքի, իսկ ինչ-որ անկապ մարդկանց մեղադրել հանցագործության մեջ , ոչ մեր «նատուռան» է, ոչ էլ սազական է մեր երկրին ու մեր դիրքորոշմանը»,-ընդգծեց նա:

Կարեն Խաչատրյանը պատասխանեց եւս մի քանի հարցերի, որոնք ներկայացնում ենք ստորեւ:

Պարոն Խաչատրյան, օրեր առաջ, երբ հարցրեցինք, թե ճի՞շտ են մեր այն տեղեկություններ, որ հնարավոր է ՀՀ Ոստիկանության Արարատի բաժանմունքի պետ նշանակվեք, հերքեցիք, այնինչ այսօր արդեն բաժանմունքի պետ եք: Մինչեւ փոխքաղաքապետի պաշտոնից հրաժարական տալը նման առաջարկ ստացե՞լ էիք, համաձայնության եկե՞լ էիք ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ:

Ոչ, ոչ, բացարձակ: Ինչ վերաբերում է Ձեր տեղեկությանը, ես ասացի,որ նման առաջարկ չեմ ստացել, իսկ եթե ստանամ ինձ համար մեծ պատիվ է ոստիկանապետի հետ աշխատելը: Ես զինվորական եմ դա իսկական իմ գործն է: Ես արդեն դուրս եմ եկել քաղաքականությունից: Ես նաեւ ռազմական ոստիկանությունում եմ աշխատել:

Վլադիմիր Գասպարյանի հետ ի՞նչ հարաբերությունների մեջ եք: Ինչպես երեւում է ընկերներ եք, այո՞:

Ոչ, մեր հարաբերությունները զուտ պետի եւ աշխատողի հարաբերություններ են: Իմ ԲՀԿ-ից դուրս գալը եւ նոր պաշտոնում նշանակումը ոչ մի կապ չունի մեր հարաբերությունների հետ: Ես դուրս եմ եկել կուսակցությունից եւ դիմում եմ գրել, որ ինձ ընդունեն աշխատանքի: Ես ուզում եմ մնալ զինվորական եւ վերջ: Քաղաքականությունից վերջնականապես դուրս եմ գալիս:

Վերջին շրջանում շատ են թմրանյութ, զենք պահելու կասկածանքով մարդիկ ձերբակալվում, որոնց անունները կապվում են ԲՀԿ-ի հետ: Հնարավո՞ր է, որ Ձեզ այս պաշտոնում նշանակեցին Արարատում Ձեր նախկին կուսակցական ընկերների` ԲՀԿ-ականների դիրքերը թուլացնելու համար:

Բացարձակ նման բան չկա, դա սխալ վարկած է: Ես ընդհանրապես չեմ զբաղվելու քաղաքականությամբ, նախընտրական ժամանակաշրջան է սկսվել, բոլորին ցանկանում եմ հաջողություն, ով ինչ կարողանում է նորմալ, ըստ օրենքի անել, թող անի: Ոչ մի նման պայմանավորվածություն չկա: Այսինքն, եթե կա հանցագործություն, այն պետք է բացահայտվի եւ պատժվի ըստ օրենքի, իսկ ինչ-որ անկապ մարդկանց մեղադրել հանցագործության մեջ , ոչ մեր «նատուռան» է, ոչ էլ սազական է մեր երկրին ու մեր դիրքորոշմանը: Եթե Դուք գիտեք նման հանցագործություն, որը թաքնված է, ասեք, մենք շնորհակալ կլինենք:

Ներկա պահին արդեն կա՞ն քրեական գործեր, որոնցով պետք է զբաղվեք:

Ես ընդհանրապես այս պահին տեղյակ չեմ, թե ինչ է տեղի ունենում համակարգում: Օրենքի պահանջով ենք աշխատելու, հո մեզանից բաներ չե՞նք հորինելու:

Ասում են երեկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եկել է Արարատի մարզ: Դուք ինքներդ հանդիպե՞լ եք Ձեր նախկին ղեկավարության հետ կամ նրանք փորձե՞լ ենք հետաքրքրվել, թե ինչու եք դուրս եկել ԲՀԿ-ից:

Ես տեղյակ չեմ Արարատում չեմ եղել: Իսկ ղեկավարության հետ չեմ հանդիպել առհասարակ:

Ձեզ հետ միասին շատ ԲՀԿ-ականներ լքեցին կուսակցությունը, նրանք ե՞ւս ոստիկանական համակարգում աշխատանք կունենան:

Բնականաբար ոչ: Ով ինչ մասնագիտություն ունի, մարդիկ այսօր էլ իրենց տեղերում աշխատում են: Նրանք ասենք փողոցի մարդիկ չեն եղել, որ այսօր ինչ-որ գործեր ուզենան: Եթե մարդ կա, որ ցանկություն ունի, համապատասխանում է իր տվյալները աշխատելու, որեւէ բնագավառում բնականաբար դիմելու է: Բայց դուրս եկածները խելահաս մարդիկ են, յուրաքանչյուրն իր աշխատանքն ունի: Հո ամբողջ ռեսպուբլիկան չի՞ մտնելու ոստիկանություն: Այդ բոլորը ո՞նց կարող են մտնել ոստիկանություն: Օրինակ, ինժեները կամ մատոռիստը մտնեն ոստիկանություն ի՞նչ անեն:

Հիշեցենք, որ հրաժարականներից հետո Կարեն Խաչատրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով իր հրաժարականը ասել էր. «Նախ ասեմ, որ ես ոչ ոքի հետ ոչ խնդիր, ոչ էլ տարաձայնություններ չունեմ եւ չեմ ունեցել: Սա իմ սեփական նախաձեռնությունն է: Ես այդպես եմ մտածում: Ցանկանում եմ ծառայել իմ երկրին, իմ պետությանը իմ նախագահին: Ես զինվորական եմ: Քաղաքականության մեջ իմ հեռանկարը չեմ տեսել դրա համար էլ դիմում եմ այդ քայլին: Բոլոր տարիներին ոգեւորությամբ ու պատասխանատվությամբ կատարել եմ իմ գործը, համոզված լինելով, որ ծառայել եմ գլխավոր նպատակին՝ պետության կայացմանն ու ամրապնդմանը: Այդ համոզմունքով էլ ես 2008թ-ին իմ ձայնը տվել եմ մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանին: Իսկ, երբ արդեն կոալիցիան իր գործը կատարել է, էլ չեմ ուզում ուրիշ քայլերի դիմեմ: Ինչպես նաեւ շարունակում եմ հավատալ, վստահել երկրի նախագահի քաղաքականությանը»:

 

Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը