Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հունգարական Partizan YouTube-ալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի և Եվրոպայի միջև հարաբերությունների խզմանը նպաստել են Բալթյան երկրները և Լեհաստանը։ Սակայն Լիտվայի խորհրդարանականները համաձայն չեն այս պնդման հետ, հաղորդում է LRT-ն։

Լիտվայի Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռեմիջիուս Մոտուզասը ընդգծել է, որ Մերկելի հայտարարությունները չպետք է ընդունվեն որպես Գերմանիայի պաշտոնական դիրքորոշում։ Նա նշել է, որ նման հայտարարությունները հակասում են Գերմանիայի ներկայիս քաղաքական ուղղվածությանը։

Նրա տեղակալ, պահպանողական Ժիգիմանտաս Պավիլյոնիսը կարծիք է հայտնել, որ Մերկելը շարունակում է հավատարիմ մնալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հանդարտեցնելու քաղաքականությանը։ Նա նշել է, որ եթե դա պահպանվեր՝  «ռուսական տանկերը կարող էին հայտնվել ոչ միայն Վրաստանում և Ուկրաինայում, այլև Բեռլին տանող ճանապարհին»։

Մերկելը նաև նշել է, որ 2015 թվականին իրեն հաջողվել է հասնել Մինսկի համաձայնագրերին, որոնք, իր կարծիքով, խաղաղություն են բերել և թույլ տվել Ուկրաինային «ուժեր հավաքել» ու «դառնալ այլ երկիր»։ Սակայն Լիտվայի խորհրդարանականները կարծում են, որ այդ համաձայնագրերը երկարաժամկետ խաղաղության չեն հանգեցրել և չեն կանգնեցրել Ռուսաստանի ագրեսիան։

Ի պատասխան Մերկելի քննադատությանը, լիտվացի քաղաքական գործիչները շեշտել են Ռուսաստանի նկատմամբ ամուր դիրքորոշման կարևորությունը և աջակցություն հայտնել Գերմանիայի ներկայիս քաղաքականությանը, որն ուղղված է Ուկրաինային աջակցելուն և ռուսական ագրեսիային հակազդելուն։